Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ողբերգությունը չի սկսվել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսամսիտական կազմակերպությունից. թեպետ Հայոց ցեղասպանությունից անցել է հարյուր տարի, սակայն քրիստոնեական փոքրամասնությունը կրկին տառապում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին բրիտանական Independent պարբերականում հրապարակված իր հոդվածում նշել է հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկը:

 

 

Անդրադառնալով աշխարհի տարբեր կետերում քրսիտոնյաների, եզդիների դեմ իսլամիստ ծայրահեղականների գործողություններին' Ֆիսկը իրավամբ փաստում է, որ հիմա, երբ հայերը հիշատակում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ճիշտ ժամանակն է, կատարվածն ընդունելու որպես ցեղասպանական գործողություն, ինչպես նաև համարելու այն ոչ միայն որպես Օսմանյան կայսրության փոքրամասնության, այլև առհասարակ որպես քրիստոնյա փոքրամասնության սպանություն' իրականացված ոչ միայն նրանց հայ, այլ նաև քրիստոնյա լինելու պատճառով:

 

 

Լրագրողը նշում է, որ հայերի ճակատագիրն ունի որո շ յուրահատուկ զուգահեռներ ներկայիս Իսլամական պետության կողմից իրականացվող սպանությունների հետ: «Հայ տղամարդիկ սպանվեցին: Կանայք կամ բռնաբարվեցին, ստիպողաբար փոխեցին կրոնը, կամ սովամահ եղան:

 

 

Երեխաները ողջ-ողջ այրվեցին… Իսլամական պետության դաժանությունը նոր երևույթ չէ, պարզապես դրա իրականացման մեխանիզմներն ավելին էին, որին չէին էլ կարող երբևէ ձգտել իսլամիստ ծայրահեղականների նախնիները»,- գրում է լրագրողը: Նա ընդգծում է, որ Իսլամական պետությունը և 1915 թվականի օսմանյան թուրքերն ունեին ընդհանուր դաժանություն' ավելի հիմնված գաղափարախոսության և անգամ աստվածաբանության, քան ռասիզմի վրա: