Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մյովլուդ Չավուշօղլուն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում խոսոտավանել է, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում կռվում են 600-ից ավելի Թուրքիայի քաղաքացիներ, որոնցից 100-ն արդեն զոհվել են Իրաքում եւ Սիրիայում կառավարական ուժերի հետ ԻԼԻՊ-ի բախումներում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

 

«Հետախուզության տվյալներով' Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողություններում ԻԼԻՊ-ի կողմից մարտերին մասնակցում են Թուրքիայի 600-ից ավելի քաղաքացիներ, որոնցից նվազագույնը 100-ն արդեն զոհվել են», -ասել է նա:

 

Նա հավելել է, որ ԻԼԻՊ-ի կազմում կռվելու նպատակով Թուրքիայի տարածքով արտասահմանցիների հոսքը կանխելու համար կառավարության ձեռնարկումները բավարար չեն, քանի որ Սիրիայի եւ Իրաքի հետ 1000 կմ-ից ավելի երկարությամբ թուրքական սահմանը վերահսկելու կարիք կա, ինչն առանց արտաքին օգնության չի կարող արդյունավետ լինել: Չավուշօղլուն արեւմտյան երկրներին կոչ է արել այդ հարցում համագործակցել Թուրքիայի հետ:

 

Թուրքական եւ միջազգային մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան տարբեր տեսակի, այդ թվում' նաեւ ռազմական, աջակցություն է ցուցաբերում ԻԼԻՊ-ին: Թուրքական ընդդիմությունը փաստեր է հրապարակել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) աջակցությամբ Սիրիայում պատերազմի սկզբից մինչ այժմ ԻԼԻՊ-ին 2500 բեռնատար զենք եւ զինամթերք ուղարկվելու մասին: