Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում խոսոտավանել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում կռվում են Թուրքիայի՝ 600-ից ավելի քաղաքացի, որոնցից 100-ն արդեն զոհվել է Իրաքում և Սիրիայում կառավարական ուժերի հետ ԻԼԻՊ-ի բախումներում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

 

«Հետախուզության տվյալներով' Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններում ԻԼԻՊ-ի կողմից մարտերին մասնակցում են Թուրքիայի 600-ից ավելի քաղաքացիներ, որոնցից նվազագույնը 100-ն արդեն զոհվել են»,- ասել է նա:

 

Նա հավելել է, որ ԻԼԻՊ-ի կազմում կռվելու նպատակով Թուրքիայի տարածքով արտասահմանցիների հոսքը կանխելու համար կառավարության ձեռնարկումները բավարար չեն, քանի որ Սիրիայի և Իրաքի հետ 1000 կմ-ից ավելի երկարությամբ թուրքական սահմանը վերահսկելու կարիք կա, ինչն առանց արտաքին օգնության չի կարող արդյունավետ լինել: Չավուշօղլուն արևմտյան երկրներին կոչ է արել այդ հարցում համագործակցել Թուրքիայի հետ: