Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը սրտի բարդ վիրահատություն է տարել: Այդ մասին հայտնել է ուկրաինական «Գորդոն» ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի շրջապատի մի աղբյուր:
Նշվում է, որ վիրահատության ժամանակ, որը կատարվել է Կիեւում՝ Ուկրաինայի առողջապահության նախարարության Սրտի ինստիտուտում, Կրավչուկին չորս ստենդ են դրել:
«Ընդունելիս նախաինֆարկտային վիճակ է եղել: Բացել են երեք պսակաձեւ զարկերակներ: Այժմ ամեն ինչ լավ է, նա արդեն հիվանդասենյակում է»,- հայտնել է հրատարակության զրուցակիցը:
Նրա տեղեկատվությամբ՝ Կրավչուկն այժմ իրեն նորմալ է զգում:
Կրավչուկն Ուկրաինայի առաջին նախագահն է եղել 1991 – 1994 թվականներին, այժմ նա 83 տարեկան է: Վերջին տարիներին նա պարբերաբար հայտնվում էր զանգվածային լրատվամիջոցներում եւ մեկնաբանում Ուկրաինայի իրադարձությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: