«Ռուբեն Թաթուլյանը հանդիսանում է Ներդրողների ակումբի երեսուն ներդրողներից մեկը և անկախ ամեն ինչից՝ Հայաստանի հետ նրա համագործակցությունը շարունակվելու է: Պարոն Թաթուլյանն իր ձերբակալության վերաբերյալ երեկ տվել է բացատրություն, և քանի դեռ դրանից բացի այլ որոշում չկա, կարծում եմ՝ պետք չէ անդրադառնալ այդ հարցին: Ամեն մարդու հետ էլ դեպքեր պատահում են»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
Վերջինս նշեց, որ Ռուբեն Թաթուլյանի ձերբակալությունը Կառավարության հետագա քաղաքականության մեջ որևէ հարց չի առաջացնի և այստեղ որևէ խնդիր չկա. «Մեկ դեպքով պետք չէ խոսել ընդհանուր ներդրողների ակումբի մասին»:
Դիտարկմանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ ամիսներ առաջ հայտարարել է, որ բոլորին անձամբ ճանաչում է՝ վստահեցնելով, որ ներդրողների ակումբի անդամների արած աշխատանքի շնորհիվ Հայաստանում սկիզբ է դրվելու նոր էլիտայի, փոխնախարարը պատասխանեց. «Ակումբում Ռուբեն Թաթուլյանը կշարունակի մնալ, թե ոչ՝ չգիտեմ, բայց Կառավարությունն այստեղ խնդիր չի տեսնում: Մեկ ձերբակալության դեպքը չի կարող ստվեր նետել մարդու արած գործի վրա, պետք է սպասել և տեսնել, թե ինչ զարգացումներ կլինեն»:
Հացին՝ փաստորեն ներդրողների ակումբում ներդրվելու են քրեական հեղինակությունների հետ տարատեսակ կապեր ունեցող մարդկանց գումարները, փոխնախարարը արձագանքեց. «Մեզ համար ամենակարևորն այն է, որ այդ ակումբից Հայաստան մուտք գործեն միայն գումարներ՝ բիզնեսից»:
Փոխնախարար Ազիզյանը դժվարացավ պատասխանել նաև հարցին՝ արդյոք 30 ներդողների քրեական հեղինակությունների հետ առնչվող այլ անձինք կան՝ շեշտելով, որ որևէ մեկի կենսագրությունը չի ուսումնասիրել:
Հիշեցնենք, որ Ռուբեն Թաթուլյանն արձագանքել է իրեն ձերբակալելու լուրերին՝ շեշտելով, որ ««Primecrime.ru» կայքը, հավանաբար փողի դիմաց, կամ՝ գուցե դա ինչ-որ մեկին հարկավոր էր, գրեց սա, որը անհեթեթություն է: Կան բոլոր փաստաթղթերը, որ հրապարակումը իրականությանը չի համապատասխանում»: