Մինչև 1992 թվականը Արցախի հյուսիսարևելյան մասում գտնվող Մարտակերտ քաղաքը իր մեծությամբ ԼՂԻՄ-ի երրորդ քաղաքն էր (Ստեփանակերտից և Շուշիից հետո), ուներ շուրջ 13 հազար բնակիչ: Մարտակերտ՝ մարտերում կերտված: Արցախյան չհայտարարված պատերազմի կիզակետը Մարտակերտն էր: 1992-ի հուլիսի 4-ին հակառակորդնը սկսել է լայնածավալ մարտական գործողություններ և գրավել Մարտակերտը։
Մարտակերտի, Կենտրոնական, Ասկերանի, Մարտունիի Պաշտպանության շտաբները, 5-րդ կամավորական բրիգադը (հրամանատար՝ Մանվել Գրիգորյան) և ՀՀ կամավորական ջոկատները 1993-ի հունիսի 12-ին ձեռնարկել են Մարտակերտի և շրջանի բնակավայրերի ազատագրման խոշորամասշտաբ ռազմական գործողություն և 1993-ի հունիսի 28-ին ազատագրել քաղաքը։
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ևս Մարտակերտը հարվածի կիզակետում էր: Ապրիլյան պատերազմի այդ չորս օրերին առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։ Ադրբեջանական կողմը Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծել է Մարտակերտ քաղաքը:
Այսօր՝ ապրիլյան պատերազմից մեկ տարի անց Մարտակերտը և մարտակերտցին շարունակում են ապրել: Մարդիկ զբաղված են առօրյա հոգսերով, մրգավաճառները միրգ են վաճառում, հացի փռից անգամ մեծ հեռավորությունից գալիս է թարմ հացի անուշ բույրը, նստած սպասում են հերթական ուղևորին, իսկ քաղաքի մաքրությունն ապահովում է մարտակերտցի տիկին Խանումը, ով ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, որդին հաշմանդամ է, վիրավորվել է կռվի ժամանակ: Նրանց ասելով՝ պատերազը դեռ չի ավարտվել, զգոն պետք է լինել, թշնամին չի փոխում...
Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com-ի
Քրիստինա Աղալարյան
Արցախ, Մարտակերտ