ԱՄՆ դեմոկրատ սենատոր, Ռոդ Այլենդը ներկայացնող Ջեք Ռիդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել:

 

«Միանում եմ բոլոր ամերիկացիներին՝ դատապարտելով նախագահ Էրդողանի թիկնապահների կողմից Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջև խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունը»,- նշել է Ռիդը: Դեմոկրատ սենատորը խայտառակություն է համարել Էրդողանի թիկնապահների պահվածքը՝ շեշտելով, որ բռնության են ենթարկվել նաև իր կողմից ներկայացվող համայնքի ներկայացուցիչներ, ովքեր խաղաղ կերպով իրացնում էին ԱՄՆ սահմանադրության առաջին փոփոխությամբ սահմանված իրենց իրա վունքը (խոսքի ազատության իրավունք - խմբ.):

 

«Անվտանգության այն աշխատակիցները, ովքեր ներգրավված են եղել հարձակման մեջ, պետք է կարգի հրավիրվեն, իսկ Թրամփի վարչակազմը պետք է պարզ ու հստակ դարձնի բոլոր դեսպանատների համար, որ ԱՄՆ-ում մեր օրենքները պաշտպանում են ցուցարարներին և խաղաղ հավաքների ու ազատ խոսքի նրանց իրավունքը»,- ընդգծել է սենատոր Ջեք Ռիդը:

 

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները:

Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը: Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: Ծեծկռտուքից հետո մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր երկո ւ անձի: Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, Վաշինգտոնի քաղաքապետը և մի շարք կոնգրեսականներ: