Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հասցեագրված է Ադրբեջանին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համանախագահների հայտարարությանը, ըստ որի՝ կոչ են անում հակամարտող կողմերին՝ զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից և գործողություններից։

Նա նշեց՝ ցավոք սրտի, համանախագահները խուսափում են կոնկրետ ձևակերպումներից. «Ո՞ւմ համար պարզ չի դա. եթե ասում են կողմերին՝ սադրիչ գործողություններից զերծ մնալ, ես չեմ պատկերացնում, թե Հայաստանի կողմից ինչ սադրանքներ պիտի լինեն, մեզ դրանք ձեռնտու չեն, մեզ ձեռնտու են բանակցությունները», - նշեց նա։

 

Փաշինյանի խոսքով՝ խայտառակություն է, որ մինչև հիմա Վիեննայի պայմանավորվածություններն ու հրադադարի ռեժիմը գործարկված չեն։

«Ադրբեջանը խայտառակ կերպով կարողանում է խուսափել այդ պայմանավորվածություններն իրականացնելուց։ Դա առաջին հերթին խայտառակություն է համանախագահների համար», - ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Արցախի պաշտպանության նախարարի հետ և հանդես եկել հայտարարությամբ: