Աշխարհում չափահաս մարդկանց միջին հաշվով 19,5 տոկոսը տառապում է ճարպակալումից: Այդ մասին վկայում են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) նոր տվյալները:

 

Այս տեսակետից աշխարհի ամենախնդրահարույց երկիր է ճանաչվել ԱՄՆ-ը, քանի որ ճարպակալում ախտորոշումը գրանցվել է 15-ից բարձր տարիքի ամերիկացիների 38,2 տոկոսի համար: Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, մինչեւ 2030 թվականն այս ցուցանիշը կհասնի 47 տոկոսի:

 

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Մեքսիկան է, որտեղ քաղաքացիների 32,4 տոկոսը տառապում է ճարպակալումից, իսկ 70 տոկոսն ավելորդ քաշ ունի. այս ցուցանիշով Մեքսիկան զբաղեցնում է առաջին տեղը՝ փոքր-ինչ առաջ անցնելով ԱՄՆ-ից:
Հաջորդ տեղերում են Նոր Զելանդիան, Հունգարիան եւ Ավստրալիան: Վեցերորդ տեղն զբաղեցրել է Մեծ Բրիտանիան:

 

Ռուսաստանը ռենքինգում չի հայտնվել, բայց, ՏՀԶԿ-ի տվյալներով, ճարպակալում է նկատվել ռուս կանանց 23,2 տոկոսի եւ տղամարդկանց 14,5 տոկոսի մոտ: 
Ամենաառողջ քաշային ցուցանիշներ ունեցող երկիրը Ճապոնիան է. այնտեղ ճարպակալված չափահաս մարդկանց թիվը կազմել է ընդամենը 3,7 տոկոս:

 

Երկրների մեծ մասում ավելորդ քաշ ունեցող մարդկանց շրջանում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Բացառություն են կազմում Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Լեհաստանը: Նաեւ ՏՀԶԿ-ի ուսումնասիրությունն օրինաչափություն է հայտնաբերել քաշի եւ կրթության մակարդակի միջեւ, հատկապես դա վերաբերում է կանանց: Հետազոտության համաձայն, կրթության ավելի ցածր մակարդակ ունեցող կանայք երկու-երեք անգամ ավելի են հակված ճարպակալելուն:

 

Ուսումնասիրողների կողմից հայտնաբերված եւս մեկ օրինաչափություն է քաշի եւ կարիերայի միջեւ կապը: Գեր մարդիկ կարիերայի աճի ավելի փոքր հեռանկարներ ունեն, քան նրանց ավելի սլացիկ կազմվածքով գործընկերները, նրանք միջին հաշով 10 տոկոսով ավելի քիչ են աշխատում եւ աշխատանքին ավելի քիչ ժամանակ են հատկացնում այն պատճառով, որ, որպես կանոն, հիվանդաթերթիկով ավելի շատ օրեր են անցկացնում տանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: