Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը երեքշաբթի կմարվեն` ի հիշատակ «Մանչեսթեր Արենա» մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Ինչպես հայտնում է Agence France Presse-ը, այս մասին տեղեկացրել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն:
Հիշեցնենք, որ նախօրեին անգլիական Մանչեսթերի մարզահամերգային համալիրում, որտեղ տեղի էր ունենում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, հզոր պայթյուն է որոտացել՝ խլելով 22 մարդու կյանք: Նշվում է, որ դա Բրիտանիայում վերջին 12 տարում տեղի ունեցած խոշորագույն ահաբեկչությունն էր:
Ավելի ուշ պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանչեսթերի ոստիկանությունը 23-ամյա տղամարդու է ձերբակալել ահաբեկչության առնչությամբ:
Էյֆելյան աշտարակի լույսերը մարվել են նաև Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Ստոլկհոլմում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: