Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեխնիկական և իրավական մշակումների աշխատանքները լիարժեքորեն ընթացքի մեջ են: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Եվրոպական հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումները մանրամասն ուսումնասիրում են յուրաքանչյուր տառ և ձևակերպում, որպեսզի տեքստն ամբողջովին և կատարյալ կերպով համահունչ լինի ներկայացվող չափանիշներին»,- նշեց Սվիտալսկին:
Անդրադառնալով համաձայնագիրը ստորագրելու ժամկետների վերաբերյալ հարցին` ՀՀ-ում ԵՄ դեսպանը հիշեցրեց, որ հայկական կողմը հույս է հայտնել, որ համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ: Նրա խոսքով` սեղանին դրված թիրախային ամսաթիվը հենց դա է:
Միևնույն ժամանակ, Պյոտր Սվիտալսկին հայտնեց, որ ՀՀ-ն և ԵՄ-ն ավարտին են հասցրել բանակցությունները գործընկերության գերակայություններ կոչված քաղաքականապես պարտադիր փաստաթղթի շուրջ, որը շատ կարևոր է կողմերի միջև հարաբերությունների հետագա ընթացքի համար: Այդ փաստաթուղթը ներկայումս խորհրդատվության կարգով շրջանառվում է ԵՄ անդամ պետություններում, քանի որ պարտադիր պայման է Միության անդամ անկախ պետություններից կանաչ լույս ստանալը: Նա հույս հայտնեց, որ մոտակա շաբաթներին հաստատումը կստացվի և ավարտին կհասցվի այդ կարևոր գործընթացը: