ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ անձամբ պարզաբանելով կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից երկրիը դուրս բերելու իր որոշումը: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում: Թրամփն իր օտարերկրացի գործընկերներին հավաստիացրել է, որ «Ամերիկան նախկինի պես հավատարիմ է անդրատլանտյան դաշինքին եւ շրջակա միջավայրի պաշտպանության վճռական ջանքերին»: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն իր վարչակազմի օրոք կդառնա ամենամաքուր եւ էկոլոգիապես մաքուր երկիրն աշխարհում:
Ավելի վաղ Թրամփը Սպիտակ տան մոտ կայացած արարողությանը հայտարարել էր կլիմայի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Նրա կարծիքով՝ այն շահավետ չէ Միացյալ Նահանգների համար: Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ կսկսի կա՛մ Փարիզի համաձայնագրին կրկնական անդամակցության, կա՛մ «նոր գործարքի» կնքման շուրջը «Միացյալ Նահանգների, նրա ձեռնարկությունների, նրա աշխատողների, նրա մարդկանց, նրա հարկատուների համար արդարացի պայմաններով»:
Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած խորհրդաժողովի արդյունքներով: Համաժողովի 195 մասնակիցներ համաձայնության են եկել թույլ չտալու մինչեւ 2100 թվականը մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացում Ցելսիուսի 2 աստիճանից ավելի: Գիտնականները կարծում են, որ ջերմաստիճանի ավելի զգալի բարձրացումը, որի պատճառը հանածո վառելիքի այրման հետեւանքով մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումներն են, կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել մոլորակի բնապահպանության համար:
2016 թվականի ապրիլի 22-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած գագաթնաժողովում 175 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, Գերմանիան, Հնդկաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն, ստորագրել են այդ համաձայնագիրը: Պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ-ը պարտավորվել է մինչեւ 2025 թվականը արտանետումների մակարդակը 10-ամյա վաղեմության ցուցանիշների համեմատությամբ կրճատել 26 – 28 տոկոսով: