ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Այս մասին տեղեկացնում msy.am-ը:
«Ռոման Ամոյանը մեր անվանի և հայկական սպորտում մեծ ավանդ ունեցող մարզիկներից է, ով ավարտելով իր ակտիվ մարզական գործունեությունը իմ առաջարկով ստանձնում է նախարարի խորհրդականի պաշտոնը, որը լինելու է հասարակական հիմունքներով: Վստահ եմ, որ Ռոման Ամոյանն աչքի կընկնի նաև ադմինիստրատիվ աշխատանքում»,- ասել է նախարարը:
Ռոման Ամոյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ռոստոմյանին վստահության համար և ասել, որ աշխատելու է ուժերի առավելագույն լարումով և ձգտելու է իր գիտելիքները ներդնել հայկական սպորտի զարգացման գործում: «Լավատեղյակ եմ սպորտում առկա բոլոր երևույթներին, ընթացակարգերին, ուսումնամարզական և մրցումային պրոցեսներին: Այս բոլորը կօգնեն ինձ լինել օգտակար հայկական սպորտին նաև խորհրդականի պաշտոնում»,- նշել է Ռ. Ամոյանը: