«Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ն վեցերորդ անգամ շնորհեց «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ը:
Այս տարի խաղաղության մրցանակին արժանացան Կոլումբիայի և Իրաքի ներկայացուցիչները:
«Բաղդադի կանանց ասոցիացիա»-ն «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ով պարգևատրվեց Իրաքում խաղաղաշինության և հաշտեցման գործընթացներում կնոջ դերի բարձրացման համար: Մրցանակը հանձնվեց ասոցացիայի խորհրդի անդամ Բարվին Մոհամմեդ Ամինին:
«Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ» շնորհվեց նաև Կոլումբիան ներկայացնող Քաթերին Ռոնդերոսին` խաղաղաշինության գործընթացում կնոջ դերի բարձրացման համար:
Հաղթողներին մրցանակները հանձնեցին «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ի նախորդ տարվա մրցանակակիրները` «Սիրիայի կանանց ասոցիացիա»-ի ներկայացուցիչ Ղաիդա Օդաթը (Սիրիա) և էլիկո Բենդելիանին (Վրաստան):
«Բաղդադի կանանց ասոցիացիա»-ի առաքելությունն է նվազեցնել կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը` բռնությունից տուժած կանանց ապահովելով բոլոր օժանդակ անհրաժեշտ ծառայութույնները: Ասոցացիան աջակցում է համապատասխան օրենքների, կառավարության որոշումների իրականացմանը: Աշխատում է բարձրացնել կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում` առաջնորդության հմտությունների զարգացման, գիտելիքների և կարողությունների ձեռքբերման միջոցով։
Քաթերին Ռոնդերոսը «Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության և ազատության» միջազգային ՀԿ-ի նախագահն է և մշակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 և 1820 բանաձևերի իրականացման ծրագիրը` աշխատելով զինված հակամարտության պատճառով տուժած կանանց հետ` Կոլումբիայի հինգ տարբեր շրջաններում: Քաթերինը կողմնակից է այն մտքին, որ կանանց իրավունքները, գենդերային հավասարությունը կարևոր են խաղաղության և դրա իրականացման համար: Ռոնդերոսը մասնակցել է Կոլումբիայում խաղաղության հաստատման գործընթացներին: Ե'վ Ռոնդերոսը, և' «Բաղդադի կանանց ասոցիացիա»-ն մեծ հաջողությունների են հասել կանանց իրավունքների պաշտպանության, բռնություններից տուժած կանանց աջակցության, խաղաղաշինության մեջ կանանց ներգրավվածության հարցերում:
Մրցանակաբաշխության ժամանակ տեսաուղերձով նորընծա մրցանակակիրներին իր խոսքը հղեց Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Նոբելյան դափնեկիր կանանց» նախաձեռնության հիմնադիր տիկին Շիրին Էբադին:
Արարողությանը ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի խորհրդական պարոն Կենիչիրո Սասամեն: Ներկա էին հյուրեր` Արցախից, Սիրիայից, Իրաքից, Կոլումբիայից, Կիպրոսից, Խորվաթիայից, Սերբիայից, Չեչնիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և Հայաստանից:
Միջոցառմանը ցուցադրվեցին երկու բացառիկ դիվանագետ կանանց` Ճապոնիայում առաջին հայ դեսպան Դիանա Աբգարի և ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, «Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» հիմնադիր Անահիտ Բայանդուրի մասին պատմող ֆիլմեր: Մրցանակի հանձման արարողությունը ավարտվեց «Liberta» լարային քառյակի կատարմամբ:
«Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ը հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց կարևորագույն դերի ճանաչման, ինչպես նաև մարդու իրավունքների վերականգնման պաշտպանության նպատակով: Մրցանակի ստեղծման գաղափարի հիմքում խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմեի անվան Խաղաղության մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպանության մեծ ջատագով և խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությունն է: Մրցանակը կրում է Անահիտ Բայանդուրի անունը:
Պարգևի նպատակն է` ճանաչել երիտասարդ խաղաղարարների ներդրումը խաղաղության կառուցման գործում, ինչպես նաև նրանց խրախուսել և աջակցել՝ դրանով իսկ նրանց հնարավորություն տալով զգալու պատասխանատվություն ոչ միայն իրենց համայնքների, այլև այն աշխարհի համար, որտեղ նրանք ապրում են: Սույն պարգևը նախատեսված է աջակցելու խաղաղության կառուցողների նոր սերնդին:
«Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ի «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ» -ին նախկինում արժանացել են.
Իննա Հայրապետյանը (Չեչնիա, , ՌԴ),
Սոֆիա Շակիրովան (Ստավրոպոլի երկրամաս, ՌԴ),
Ռոզա Գանիևան (Ինգուշետիա, ՌԴ),
Խադիջա Իսմաելովան (Ադրբեջան),
Զարուհի Հովհաննիսյանը (Հայաստան),
Մալիկատ Ջաբիրովան (Դաղստան, ՌԴ),
Մեգի Բիլբիլուրին (Վրաստան),
Անահիտ Դանիելյանը (Արցախի Հանրապետություն),
Իրինա Կիշուկովան (Կաբարդինո - Բալկարիայի Հանրապետություն, ՌԴ),
Էթերի Սիգաևան (Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, ՌԴ),
Նաիմա Նեֆլյաշևան (Ադիգեա, ՌԴ),
«Սիրիայի կանանց ասոցիացիա»-ն, Ղաիդա Օդաթ (Սիրիա),
Խեդա Օմարխադջիևան (Չեչնիա, ՌԴ),
էլիկո Բենդելիանին (Վրաստան):
Լուսանկարները` Խեդա Օմարխադջիևայի