Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) հորդորել է վերջ դնել մանուկների աշխատանքին հակամարտությունների եւ տարերային աղետների գոտիներում: Այս թեմային է նվիրված Երեխաների աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը նշվում է հունիսի 12-ին:

«Այսօր մենք ձգտում ենք ուշադրություն հրավիրել հակամարտությունների եւ տարերային աղետների գոտիներում հայտնված եւ առանձնակի վտանգի ենթարկվող երեխաների ճակատագրի վրա, ինչը կապված է երեխաների աշխատանքի հետ»,-հայտարարել է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը:

ԱՄԿ-ի տվյալներով՝ հակամարտությունների գոտիներում ապրում է 1,5 մլրդ մարդ եւ տարեկան մոտավորապես 200 միլիոն մարդ տուժում է տարերային աղետներից. նրանց մեկ երրորդը կազմում են երեխաները: 168 մլն աշխատող երեխաների կեսն զբաղված է վտանգավոր աշխատանքներով: Ինչպես ընդգծել է Ռայդերը, հակամարտությունների եւ աղետների շրջաններում տներն ու դպրոցները հաճախ են ավերվում, շատ ընտանիքներ կորցնում են ապրուստ վաստակելու հնարավորությունը: Ընտանեկան աջակցության եւ սոցիալական պաշտպանության բացակայությունը «մեծացնում է աշխատանքներում երեխաների ներքաշման վտանգը»:

Երեխաների աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն առաջին անգամ ԱՄԿ-ն անցկացրել է 2002 թվականին, եւ այդ ժամանակվանից այն նշվում է հունիսի 12-ին: Դրա նպատակն է՝ ուշադրություն հրավիրել մանկական աշխատանքի եւ դրա վերացման նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու խնդրի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: