ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի դատապարտել է «Բոքո հարամ» արմատական խմբավորման վերջին հարձակումները Նիգերիայի մի շարք նահանգներում և զինյալներից պահանջել «անհապաղ և անվերապահորեն» վայր դնել զենքերն ու զորացրում իրականացնել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Անվտանգության խորհուրդը պահանջում է, որ «Բոքո հարամն» անհապաղ և անվերապահորեն դադարեցնի բոլոր մարտական գործողությունները և մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի բոլոր խախտումները, ինչպես նաև վայր դնի զենքը և զորացրում իրականացնի»,- ասված է հայտարարության մեջ, որն ընթերցել է հունվարին ԱԽ-ն նախագահող չիլիացի դիվանագետ Կրիստիան Բարրոս Մելեթը:
Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի անդամները նաև պահանջել են, որ զինյալներն անհապաղ ազատեն պատանդառված բոլոր անձանց, այդ թվում՝ 276 դպրոցական աղջիկներին, որոնք 2014 թվականի ապրիլին առևանգվել են Բոռնո նահանգում: