ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ուկրաինացի արմատականներից պահանջում է անհապաղ իշխանություններին հանձնել անօրինական զենքն ու դատապարտում է «Աջ սեկտորի» գործողությունները: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

 

«Խորհրդարանի նման ահաբեկումը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը: Ես ծայրահեղական այդ կազմակերպությանը կոչ եմ անում զերծ մնալ բռնության կիրառումից»,-հայտարարել է Էշթոնը:

 

Նշենք, որ «Աջ սեկտորի» անդամները հինգշաբթի շրջապատել էին Գերագույն ռադայի շենքը՝ սպառնալով, որ կզավթեն Գերագույն ռադան և պահանջել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է պաշտոնաթող լինելու պատրաստակամության մասին: