Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկնաբանել է օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվող հյուրընկալության ծախսերի մասին խոսակցությունները: Մարգարյանը հունիսի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ցանկացած մարդու տուն հյուր եկած մարդկանց հարկավոր է պատվով ընդունել:

«Երևանը մեծ տուն է, և միջոցներն ուղղվել են այդ մեծ տան բյուջեից: Ես երևանցիների կողմից ընտրվել եմ այս մեծ տան ղեկավար և փորձում եմ պատվով պահել բոլորիս պարզ ճակատն արտասահմանից ժամանած հյուրերի մոտ»,- ասաց քաղաքապետը` հավելելով, որ պատվիրակություններ են ժամանում Երևանի համար մրցակից և օրինակելի քաղաքներից:

Անդրադառնալով իր ունեցվածքի մասին շրջանառվող լուրերին, Մարգարյանը նշեց, որ վերջին 12 տարիների ընթացքում ինքը պաշտոնները զբաղեցրել է ընտրությունների արդյունքում հաղթելով: «Դրանց ընթացքում միշտ իմ ունեցվածքի հարցը քննարկվել է: Իմ հայտարարագրերը քննարկման առարկա են դարձել, ուսումնասիրության առարկա՝ նաև իրավապահ մարմինների կողմից»,- փաստեց նա: