Օրերս Երևանի քաղաքապետարանը հայտարարեց Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթ: Հայտարարությունը անմիջապես քննարկումների կիզակետում հայտնվեց: Քաղաքացիները տարբեր տեսակետներ հայտնեցին այն մասին, թե ինչքանով է վերակառուցման ծրագիրը լավ մտահղացում Քաղաքապետարանի կողմից:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր Քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց. «Ես բազմիցս եմ հայտարարել մրցույթի հետ կապված։ Մենք ոչ միայն Հանրապետության հրապարակի հետ կապված բաց մրցույթ ենք հայտարարել, երկուշաբթի մենք նաև կհայտարարենք քաղաքապետարանի դիմացի հրապարակի, ֆրանսիական, բրազիլական հրապարակների, ինչպես նաև ծայրամասերում մի շարք հրապարակների վերակառուցման ծրագրերի բաց մրցույթներ։ Կարծում եմ՝ մասնագիտական կարծիք է անհրաժեշտ մեր ճարտարապետների կողմից։ Մրցույթի կայանալը չի նշանակում՝ հաջորդ օրը քայլեր են ձեռնարկվելու»։

Lurer.com-ի թղթակիցը հարց ուղղեց Տարոն Մարգարյանին՝ արդյոք մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը հնարավորություն տալի՞ս է մեզ վերակառուցել Հանրապետության հրապարակը, Մարգարյանն ասաց.

-Երբ մենք հայտարարում ենք բաց մրցույթ, դա չի նշանակում, որ հաջորդ օրը պետք է այնտեղ սկսեն աշատանքները։

-Բայց նման նպատակ կա, չէ՞։

-Ո՛չ, մրցույթ է հայտարարվում կարծիքներ ձևավորելու, փաթեթներ ունենալու համար, և այն ժամանակ կանդրադառնանք, երբ երևանցիներն իրենց համաձայնությունը կտան, երբ ՀԿ-ներն իրենց համաձայնությունը կտան, և երբ կունենանք հնարավորություն՝ ոչ միայն Քաղաքապետարանի բյուջեով, այլև՝ մասնավորի ներդրմամբ։ Դա ընդամենը կարծիքներ ձևավորելու համար է։

Տարոն Մարգարյանի պատասխանն առավել մանրամասն դիտե՛ք Lurer.com-ի պատրաստած տեսանյութում։