Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ընտրական զարգացումները Հայաստանում» թեմայով կայացած քննարկման ժամանակ խոսելով ապրիլի 2-ին Հայաստանում կայացած ընտրությունների մասին, նշել է, որ դրանց արդյունքները կատարյալ չի համարում: «ԵՄ-ն արդեն արտահայտել է իր նախնական տեսակետը Հայաստանում կայացած վերջին ընտրությունների վերաբերյալ, սակայն եվրոպական կառույցների վերջնական զեկույցին ենք սպասում, և դրանից հետո միգուցե նաեւ լրացուցիչ կարծիքներ հրապարակենք: Կարևոր է սկսել քննարկումները, ներկայացնել փորձը, քաղած դասերը և նախանշել հետագա անելիքները: Ինձ թվում է՝ այստեղ գտնվողներից ոչ մեկը չի կարող ասել, որ ընտրությունները ճանապարհի ավարտը եղան, որ Հայաստանը հասել է այն նպատակին, որին ձգտում է, այսինքն՝ ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը»:


Պյոտր Սվիտալսկին ասաց, որ Հայաստանում առանձնակի ուշադրության են արժանի հատկապես ընտրատեղամասերից դուրս տեղի ունեցող գործընթացները: «ԵՄ նախնական զեկույցում նշվել է, որ եղել են ընտրությունն ուղղորդելու, ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքեր: Հայերը կարիք ունեն խորքային ժողովրդավարության»,-իր տեսակետը հայտնեց դեսպանը:

 

Նա  կարևորեց նաև մեր երկրում քաղաքացիական կառույցների ակտիվ աշխատանքը, որոնք մասնակցում էին տարբեր քննարկումներին ԸՕ վերաբերյալ, սակայն այդ կառույցների շատ քիչ թվով առաջարկներ են ընդունվել և կոնսենսուս կայացել է ընդամենը որոշ հարցերի շուրջ, հետևաբար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և դատական մարմինները պետք է դարձնել ավելի արժանահավատ կառույցներ: