Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ընտրությունների արդյունքները դիտարկելիս հորդորում է չկենտրոնանալ միայն բացասական երեւույթների վրա՝ անտեսելով ձեռքբերումները: Այս մասին նա հայտարարեց Եվրոպական խորհրդի կազմակերպած «Ընտրական զարգացումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ:
«Ընտրական օրենսգրքի ընդունումը Հայաստանում, ըստ էության, ընտրական նոր մշակույթի մեկնարկ էր, որովհետեւ օրենսգրքի ընդունումից հետո շատ կարճ ժամկետներում մինչեւ տարեվերջ երկու անգամ կարեւորագույն հարցերի հետ կապված փոփոխություններ եղան: Առաջին անգամ խիստ կարեւորագույն հարցերի վերաբերյալ եղան կոնսենսուսային լուծումներ, այնպիսի հարցեր, որոնք շատ միջազգային ստանդարտների համատեքստում, խոսքը ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման մասին է, ինչը միանշանակ աշխատանքի նոր ոճ էր, նոր մոտեցում»,-շեշտեց նա:
Տիգրան Մուկուչյանը հատկանշական համարեց նաեւ քաղհասարակության ներգրավումը, որը նրա խոսքով՝ մեծապես նպաստեց ԸՕ-ում ամրագրված իրավակարգավորումներին:
«Առաջին կարեւորագույն հանգամանքը, որ կցանկանայի նշել, ԸՕ-ում ամրագրված լայն թափանցիկությունն ապահովող իրավանորմերն էին, որովհետեւ եթե մենք ընդհանուր դիտարկում ենք օրենսգրքի կանոնակարգումները, փաստորեն, ամրագրվել էին այնպիսի դրույթներ, ինչպիսիք են ցուցակների ներբեռնումը, քվեարկությունից հետո ներկա գտնվող անձանց տեղեկատվության տրամադրումը մասնակիցների վերաբերյալ, քվեարկության ողջ գործընթացի տեսալուսանկարահանման անսահմանափակ հնարավորությունը և այլն»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Տիգրան Մուկուչյանի դիտարկմամբ՝ աշխարհում դժվար թե գտնվի մեկ այլ Ընտրական օրենսգիրք, որտեղ այս ամենը մեկտեղված լինի: Նա ընդգծեց, որ գործընթացների ապահովումն անհնարին կլիներ առանց միջազգային հանրության աջակցության:
«Իր բոլոր թերություններով հանդերձ՝ չի կարելի չնկատել, որ էական առաջընթաց գրանցվեց: Հետընտրական շրջանի հանրային ընկալումը ասվածի փայլուն վկայությունն էր: Մեկ բան համոզված կարող եմ ասել, որ ընտրությունները լրջագույն քայլ արձանագրեցին մեր ընտրական իրավահարաբերությունների զարգացման պատմության մեջ: Իհարկե, սա չի նշանակում, որ երբեւէ կարելի է որեւէ աշխատանք համարել կատարյալ, միշտ էլ այդ հարաբերությունները ենթակա են զարգացման, փոփոխության: Հենց այս ընտրություններում գրանցած արդյունքների հիմքով առաջիկայում պետք է մտածենք նոր լուծումների մասին:
ԿԸՀ նախագահը կոչ արեց յուրաքանչյուր պարագայում տեսակետներ հնչեցնելիս առաջնորդվել ազնիվ ու անկեղծ լինելու սկզբունքով:
«Պետք չէ գույները խտացնել, տեսնել միայն վատը նույնիսկ այնտեղ, որտեղ նկատելի չէ, շեշտադրումներ անել դրանց վրա, 1 տոկոս խափանումների վրա՝ այն պարագայում, երբ 4000 տեխնիկական սարքավորումներ, որոնք ստացվել էին ընտրություններից 10-12 օր առաջ, գործարկվեցին առանց փորձարկման: Կարծում եմ՝ սա ծայրահեղացված մոտեցում է: Իհարկե, որևէ մեկը չի ասում, որ չպետք է քննադատել և մատնանշել թերությունները, բայց միաժամանակ, կարծում եմ, պետք է ճիշտ գնահատականի արժանանա արված աշխատանքը»,- եզրափակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: