ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկվել է Կառավարության ծրագիրը, որն ըստ խոսնակի՝ իրատեսական է և հավակնոտ:
«Նախատեսում ենք տնտեսական աճ՝ տարեկան 5 տոկոս, նվազագույն աշխատավարձի աճ՝ 5-ամյա ծրագրով 25 տոկոս աճ, 12 տոկոսով գործազրկության նվազում: Մեծ ուշադրություն է դարձվել հակակոռուպցիոն պայքարին, ՀՀ անվտանգության խնդիրներին՝ շատ լուրջ ուշադրություն դարձնելով եւ խորացնելով ազգ- բանակ գաղափարածոսությունը»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի խոսքով, Կառավարության ծրագիրն արդեն հաջորդ շաբաթ կներկայացվի Ազգային ժողովին: Շարմազանովը նշեց, որ ծրագիրը ներկայացնելիս Կառավարության ղեկավարը հաշվետվություն նույնպես կներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ:
Շարմազանովի խոսքով՝ կառավարության ծրագրում շատ կարևոր տեղ է հատկացվում Հայաստանի անվտանգության խնդիրներին։
«Մենք շարունակելու ենք ամրապնդել Հայաստանի անվտանգության համակարգը ՝ շատ լուրջ ուշադրություն դարձնելով ազգ-բանակ գաղափարախոսությանը ու բոլոր այն գաղափարներին, որոնք բխում են ազգ-բանակ փիլիոսոփայությունից», - նշեց Է. Շարմազանովը։