Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարում էր ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի' ՄԱԿ-ում Ուկրաինայի ամբողջականության հարցի վերաբերյալ դեմ քվեարկելու մասին ասաց. «ՌԴ-ն մեր դաշնակիցն է»:
Նա տեղեկացրեց, որ նիստում հիմնականում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, ասաց, որ ամփոփել են ՏԻՄ ընտրությունները, ԱԺ քառօրյան, քննարկվել են ներկուսակցական հարցեր, ինչպես նաեւ հայտնի է, որ շաբաթ օրը տեղի է ունենալու կոնֆերանս, որտեղ քննարկվելու են ՀՀ- ՄՄ հարաբերությունները եւ այդ կոնֆերանսին կմասնակցեն նաեւ փորձագետներ ՌԴ-ից, զեկույցով հանդես եկան ՀՀԿ ներկայացուցիչներ:
Հարցին՝ նիստի ընթացքում անդրադարձ եղե՞լ է արդյոք Քեսապում ստեղծված իրավիճակին, եւ արդյոք ՀՀԿ-ականները եւ մասնավորապես կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը բավարարվել է միայն իր մտահոգությունը հայտնելով, քանի որ քեսապահայերը հայտնել են, որ իրենք դրամանական աջակցության կարիք ունեն, իսկ Հայաստանը առայժմ գումար չի փոխանցվել, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Քեսապի ցավալի դեպքերի հետ կապված ՀՀ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որը հստակ նշում էր, որ այստեղ ինչ կատարվում է այն 21-րդ դարի մարտահրավեր է եւ այստեղ անելիքներ ունեն այն բոլոր կառույցները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, բացի այդ մի խումբ պատգամավորներ մեկնել են Սիրիա տեղում իրավիճակին ծանոթանալու համար, եւ մենք ՀՀԿ-ականներս մեր մտահոգություն ենք հայտնել Քեսապի ցավալի դեպքերի հետ»:
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը որոշեց դեմ քվեարկել ՄԱԿ-ում Ուկրաինայի ամբողջականության հարցի վերաբերյալ: ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «ՌԴ-ն մեր դաշնակիցն է» ու շարունակեց. «ՀՀ-ն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ մենք մշտապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով ինքնորոշման կողմնակից է, իսկ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցն է»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե դառնալու են իշխանություն, Շարմազանը «լավ կատակ» անվանեց: «Դեմ եմ» նախաձեռնությանը՝ կառավարության երկխոսության առաջարկի առիթով Շարմազանովն ասաց. «Իշխանությունները մշտապես պատրաստ են երկխոսության նաեւ քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունների եւ քաղաքացիական ինստիտուտների հետ, եւ երկխոսության ընթացքում այլ քաղաքական ուժերի միջնորդության կարիքը չունեն»:
Ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանը անվստահություն հայտնելու գործում հաջողության հավակնության մասին, Էդ. Շարմազանովն ասաց. «Ես գուշակ չեմ ու շարունակեց. «ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում վարչապետի եւ առհասարակ կառավարության փոփոխության հարց չկա»: Հետո էլ շեշտեց. «Սերժ Սարգսյանի քաղաքական մենաշնորհն է նշանակել, կամ ազատել վարչապետին եւ կառավարության անդամներին, իսկ ոչ իշխանական ուժերը նման լծակներ չունեն»: