Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ որպես քաղաքական մեծամասնություն, պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ: Այս մասին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք պատրաստ ենք ընդունել նրանց կառավարության կազմում, սակայն նրանք պետք է գիտակցեն, որ այդ դեպքում պետք է կրեն ամբողջական կամ մասնակի պատասխանատվություն»,- ասաց Շարմազանովը:

 

Նա նշեց, որ եթե այդ ուժերը որոշեն, որ միանում են կոալիցիային, ապա այդ դեպքում պետք է ամբողջական պատասխանատվություն կրեն: «Սակայն կա ևս մեկ տարբերակ, որ նրանք կառավարությունում կունենան իրենց ներկայացուցիչը, չլինելով կոալիցիայի անդամ, և պատասխանատվություն կկրեն միայն կոնկրետ ոլորտի համար»,- ասաց Շարմազանովը:

 

Մինչև կառավարության վերջնական ձևավորումը 20 օր ժամանակ կա, և ԲՀԿ և ՀՅԴ-ն էլ ժամանակ ունեն քննարկելու և իրենց դիրքորոշումը հայտնելու համար: Շարմազանովը նշեց, որ քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քաղաքական մեծամասնությունը քննարկել է երկու քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը, սակայն չի ցանկանում որոշակի սցենարներ բացել: «Մենք պատրաստ ենք ապագա կառավարության մեջ ընդգրկել այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ հաշվի առնելով նաև նրանց ծրագրերը, սակայն այս պահին ես հստակ ոչինչ չեմ կարող ասել: Եթե ես չեմ բացառում, որ նրանք կոալիցիայի կազմում կլինեն, չեմ կարող բացառել, որ նրանք չեն լինի կոալիցիայի կազմում»,- ասաց Շարմազանովը:

 

Շարմազանովն ընդգծեց, որ կառավարության կազմում կլինեն փոփոխություններ՝ խորհուրդ տալով սպասել ևս 20 օր, որից հետո արդեն հայտնի կլինի նաև կառավարության ամբողջական կազմը: