Հունիսի 19-ի երեկոյան Մոսկվայի հյուսիս-արևմուտքում քաղաքի երկու բնակիչների մեջ տեղի է ունեցել կոնֆլիկտ՝ զենքի գործադրմամբ։
Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ կոնֆլիկտի մասնակիցներից մեկը, ենթադրաբար, եղել է Հայաստանի քաղաքացի։ Վերջինս, գտնվելով BMW X5-ի ղեկին, անտեսել է բակ մտած վարորդի դիտողությունը մեքենան տեղափոխելու վերաբերյալ, քանի որ այն խանգարել է դեպի կայանատեղի իր մեքենայի շարժին։
Վիճաբանություն է սկսվել տղամարդկանց միջև, որի հետևանքով, Հայաստանի քաղաքացին դուրս է բերել տրավմատիկ ատրճանակն ու հրաձգություն իրականացրել։ Նա երկու անգամ կրակել է իր հետ վիճաբանող տղամարդու վրա, ևս 2 անկանոն կրակոց արձակել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածը հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է ծանր։ Իսկ Հայաստանի քաղաքացին դեպքի վայրից դիմել է փախուստի, ոստիկանները փնտրում են նրան։