ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարությունը, որով ամերիկյան կողմը հստակորեն դատապարտում է վերջին շրջանում սահմանային լարվածությունն ու կոչ անում հակամարտող կողմերին՝ հավատարիմ մնալու Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներին ու բացառելու բռնությունը, կարևոր ու բավական լուրջ ուղերձներ պարունակող քայլ պետք է համարել: Նշենք, որ ուղերձում ամերիկյան կողմը հատուկ ընդգծել է, որ հակամարտության կարգավորում կարող է լինել Հելսինկյան ակտի շրջանակում, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում:
Այն, որ նմանօրինակ հայտարարությունն ամենևին էլ պատահական չի կարող լինել և այն, որ այն հստակ ուղերձ է պարունակում Վաշինգոնից՝ ուղղված Երևանին, մասնավորապես՝ խոսում է ՀՀ նախագահի՝ Եվրոպա կատարած այցի ու հայտարարության միջև գոյություն ունեցող ժամանակային ընդհանրությունը. ժամանակահատվածն ամերիկացիներն ակհայտորեն պատահականության սկզբունքով չէ, որ ընտրել են: Ի դեպ՝ հայտնի է նաև, որ Մարիա Զախարովան, իր հերթին, լրագրողների հետ ճեպազրույցում խաղաղասիրական հայտարարությամբ է հանդս եկել՝ հավաստիացնելով, որ ԼՂ խնդիրը շարունակում է ՌԴ արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում մնալ:
Այսպիսով՝ չտեսնել այս երեք իրադարձությունների միջև հստակ կապ, ուղղակի անհնար է: Եզրակացությունը մեկն է. ԱՄՆ-ը, համապատասխան հայտարարություն տարածելով հենց հիմա, հենց այն ժամանակ, երբ Սարգսյանը Բրյուսելում է, հստակ ուղերձ է հղում Հայաստանին առ այն, որ եթե ՀՀ-ն Եվրոպայի հետ համագործակցության դուռը չփակի ու կամուրջները քաղաքակիրթ աշխարհի հետ չայրի, ապա Արևմուտքն, իր հերթին, չի շտապի անակնկալ քայլերի գնալ ԼՂ հարցում ու կփորձի պահպանել հավասարակշռություն տարածաշրջանում՝ որքան դա հնարավոր է: Անկասկած է, որ Սվիտալսկու հետ վերջին օրերին տեղի ունեցածը չէր կարող անհանգստություն առաջ չբերել օվկիանոսից անդին, հետևաբար Սարգսյանի այցը Եվրոպա, որ, ըստ էության, կոչված է, հարթելու ստեղծված տհաճ իրավիճակը, ԱՄՆ-ն, ըստ էության, դիտարկել է որպես մի քայլ, որով պաշտոնական Երևանը փորձում է սեղմել Արևմուտքի պարզած բարեկամության ձեռքը: Եթե նույնիսկ հայ-եվրոպական հարաբերությունները չկրեն էլ այն մակարդակը, որն ամենացանկալին է Վաշինգտոնի համար, ապա միայն հայկական կողմի պատրաստակամությունը՝ ԵՄ հետ շարունակելու բարեկամական հարաբերությունները, տեղ է թողնում Արևմուտքի համար հայկական կողմի հետ տարվելիք հետագա աշխատանքների համար:
Հարց՝ իսկ Ռուսաստա՞նը: Անկասկած է, որ Սարգսյանի այցը Բրյուսել լիակատարորեն համաձայնեցված է Պուտինի հետ, ու անկասկած է նաև, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև ևս որոշակի մակարդակում խոսակցություններ եղել են Հայաստանի առնչությամբ: Ենթադրելի է, որ կողմերը ինչ-որ համաձայնության, այնուամենայնիվ, եկել են՝ տարծաշրջանային հավասարակշռությունը պահպանելու հարցում. Կրեմլը հրաշալիորեն հասկացել է,որ Անդրկովկասում Արևմուտքի հետ բացահայտ առճակատման գնալը կարող է հղի լինել իր համար ամենաանցանկալի հետևանքներով. Ալիևին կարող են հրահրել՝ պայթեցնելու Արցախը,գնալու լայնամասշտաբ պատերազմի ճանապարհով, ինչը, բնականաբար, չի կարող վտանգի տակ չառնել ՌԴ ազգային անվտանգությունը:
Թե այս ամենն ինչ ազդեցություն կունենա հակամարտության վրա և, մասնավորապես, սահմանային վիճակի վրա,ի հարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ Մոսկվայի բոլոր ջանքերն այժմ ուղղված են Բաքվին ինչ-որ կերպ զսպելուն, անկասկած է. ԱՄՆ այս հարցում կարող ձեռք մեկնել ռուսներին:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ