ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կողմից միառժամանակ առաջ հնչեցրած հայտարարությունն ԱՄՆ պատրաստակամության մասին` Հայաստանի վերականգնողական էներգետիկայի ոլորտում հանդես գալու բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրերով,դեռևս շարունակում է գերարդիական թեմա լինել. արձագանքները դրա հետ կապված չեն դադարում լսելի լինել:
Ինչպես հայտնի է, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, խոսելով ու արձագանքելով դեսպան Միլսի խոսքերին, հայտարարել է, թե վերջինիս կողմից վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 միլիարդի ներդրում կատարելու առաջարկություն առհասարակ չի եղել. այդ թիվն, ըստ փոխնախարարի, ընդամենն արտահայտում է Հայաստանի` համապատասխան ոլորտում ունեցած ներդրումային պոտենցիալը:
Այն, որ դեսպանի այն ուղիղ խոսքը, թե ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով, և շուրջ 8 մլրդ դոլար ներդրումային համագործակցության հնարավորություն կա, այլ բան չի կարող լինել,քան կոնկրետ առաջարկ`Հայաստանին, տեսանելի է նույնիսկ անզեն աչքով, հետևաբար` փոխնախարարի պնդումը,թե դեսպանի կողմից համապատասխան առաջարկություն չի եղել, հարկ է դիտարկել ավելի շատ ակնարկ, քան իրողության ֆիքսում,ակնարկ,որի տակ հասկացվում է մեկ միտք` մենք ԱՄՆ օգնության կարիքը բնավ չենք զգում:Կասկած լինել չի կարող այն բանում,որ Հայաստանի կառավարության` Հայկ Հարությունյանի շուրթերով պատասխանը` դեսպան Միլսին,արդյունք է խորքային գործոնների. պարզից էլ պարզ է,որ Միլսի առաջարկն ունի ոչ միայն կամ ոչ այնքան տնտեսական ենթատեքստ, որքան՝ աշխարահաքաղաքական:
Ակնհայտ է` ԱՄՆ-ը փոձում է Անդրկովկասում ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի համար հանդես գալ որպես այլընտրանք Ռուսաստանին,ընդ որում, առաջին հերթին հենց էներգետիկ դաշտում, քանի որ ՌԴ` մեր երկրի նկատմամբ ունեցած կարևոր լծակներից մեկն էլ էներգետիկան է: Ռուսներն էլ, իրենց հերթին, օգտագործելով ունեցած լծակներն, անում են ամեն բան` ԱՄՆ պլանները չեզոքացնելու համար. թե՛ Միլլերի այցը Երևան, թե Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանի հայտարարույունը պետք է դիտարկել որպես ռուսական կողմի ուղղակի պատասխան Վաշինգտոնին. սա միանշանակ է:
Հարցը,սակայն,շատ ավելի խորը կողմեր ունի,որոնք, միգուցե, ոմանց այնքան էլ տեսանելի կարող են չլինել: Հաշվի առնելով այն, որ ասենք նույն «Stratfor»-ի առաջատար վերլուծաբանները չէին կարող նախօրոք չիմանալ Մոսկվայի նմանատիպ արձագանքի մասին, ակնհայտ է, որ Միլսի առաջարկն ավելին պետք է դիտարկել,քան ուղղակի Հայաստանի տնտեսությունը ծաղկեցնելու բարի,բայց մերժված ցանկություն: Իրականում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, կատարելով նման հայտարարություն, փորձում է ամրապնդել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքերը տարածաշրջանում` հասկացնելով ռուսներին, որ Երևանն իրականում այլընտրանք ունի`քայլ, որը ձեռնտու է նաև Երևանին: Միլսը հրաշալիորեն հասկանում էր, թե իրականում ի՞նչ արձագանք կարող էր ստանալ իր առաջարկությունը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընկերոջ ղեկավարած կառավարության կողմից, շատ լավ պատկերացնում էր, որ դա անհանգստություն է առաջ բերելու հատկապես Մոսկվայում, քանի որ Կրեմլը ԱՄՆ առաջարկության մեջ տեսնելու էր ոչ թե համագործակցության հնարավորություն,այլ` իրեն նետված մարտահրավեր:
Իսկ խնդիրն իրականում կապված է արցախյան հակամարտության հետ: ԱՄՆ ուղերձը` Ռուսաստանին (Միլսի խոսքերն ավելի շատ հասցեագրված էին Մոսկվային, քան Երևանին) հետևյալն է` եթե Հայաստանն ինչ-որ պահի որոշի սեփական շահերից ելնելով արևմտամետ ուղի որդեգրել,ապա Արևմուտքը պատրաստ է հանդես գալ իրական այլընտրանքի դերում: Հենց սա էր հասկացել Միլլերը,երբ շտապել էր Երևան`Կարապետյանի հետ հանդիպման: Իսկ ի՞նչ է տալիս ԱՄՆ-ին ՌԴ շահագրգռվածությունը`Հայաստանից երես չդարձնելու ու գնահատելու ռուս-հայկական դարավոր բարեկամությունը: Տալիս է մեկ բան. Հայաստանը խուսափում է արցախյան հակամարտության մեջ մանրադրամ դառնալու տխուր հեռանկարից,ինչը կարևոր հանգամանք է` ազատագրված տարածքների ճակատագրի հարցում: Անհերքելի է,որ Հայաստանն օբյեկտիվորեն երբեք չի հաշտվի ասենք 7 կամ 5 շրջանների`ազերիներին հանձնման հետ, տարածաշրջանում ռուս խաղաղապահների մուտքն էլ կատեգորիկ կերպով ձեռնտու չէ ՆԱՏՕ-ին, հետևաբար` Արևմուտքը, հանդես գալով Հայաստանի համար այլընտրանքի դերում ու այդպիսով ամրապնդելով մեր աշխարհաքաղաքական կշիռն Անդրկովկասում, փորձում է կասեցնել ռուսական հայտնի պլանը, որն իրենից ենթադրում է տարածքների հանձնում Ադրբեջանին ու այնտեղ խաղաղապահ զորքերի տեղակայում: Հստակ է ամեն բան. եթե դու որպես պետություն,հանձնված ես միայն մեկի քմահաճույքին,ապա չափազանց մեծ է այն բանի հավանականությունը,որ այդ մեկն,անկախ այն բանից,թե ով է նա, կարող է քեզ մանրադրամ դարձնել իր պլանների իրագործման համար: Իսկ այն,որ Հայաստանը նման տխուր պրակտիկա արդեն ունեցել է, վկայում է 2016-ի ապրիլը:
Ինչ վերաբերում է Միլսի առաջարկի զուտ տնտեսական կողմին կամ դրա`մեզ համար ներկա պահին շահավետությանն,ապա ինչպես փորձագետներն են վկայում,այն այնքան էլ գրավիչ չէ. ներդրումների իրականացման դեպքում տեղծվելու է մի իրավիճակ, երբ Հայաստանում եղած ավելի քան 4000 մեգավատ ավելցուկային հզորություններին կգումարվեն նոր հզորություններ, ինչի արդյունքում Հայաստանը հսկայական պրոֆիցիտային էներգահամակարգ կունենա՝ չունենալով սպառման շուկա: Հետևաբար` առանց էներգիայի արտահանման խնդիրը լուծելու, որն այս դեպքում անլուծելի կդառնա` պայմանավորված դաշտում ռուսական ազդեցությամբ, Միլսի առաջարկը կորցնում է իր տնտեսական գրավչությունը: Այն գրավիչ կլիներ,եթե ԱՄՆ-ն ու ՌԴ միտված լինեին այստեղ ոչ թե միմյանց հետ մրցակցելու, այլ համագործակցելու,սակայն առնվազը տեսանելի ապագայում Անդրկովկասում գերտերությունների համագործակցության մասին պետք է մոռանալ:
Իրականում, անկախ այն բանից,թե արտաքուստ ի՞նչ բնույթի խոսակցություններ են ծավալվում,ի՞նչ առաջարկներ են հնչում կամ այդ առաջարկներին ի՞նչ պատասխաններ են տրվում,խնդիրը մեր դեպքում միայն աշխարհաքաղաքականությունն է. աշխարհի պատմության ներկա ցիկլը չափազանց պայթյունավտանգ է ու այնքան խճճված:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ