«Երեկվա հանդիպումը բանակցություն չէր, որովհետև ինչպես վարչապետն ասաց, եկել էր իրազեկելու ԱԺ պատգամավորներին իր քաղաքական որոշումների մասին: Դա բանակցություն կոչել չի կարելի, քանի որ դա երկար, խորը խոսակցություն էր, որի գնահատականը տվեց հենց Նիկոլ Փաշինյանը որպես իրազեկում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանն այն կարծիքին է, որ ակնհայտ էր՝ երեկվա լարված գիշերը վերաբերում էր ոչ այնքան Ազգային ժողովին, որքան երկրում ստեղծված իրավիճակը սահմանադրականության ու կայունության մեջ ապահովելու գերխնդրին:
«Ստացել եմ տպավորություն, եթե չասեմ, որ տեղեկացված եմ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու որոշումը և դեկտեմբեր ամսին ընտրությունների գնալու որոշումը նախապես ծրագրված գործողությունների ծրագիր էր: Դրա մասին նա խոսեց մինչև երեկվա օրենքի ընդունումը, դեռևս Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո», - ասաց նա՝ ընդգծելով, որ ստացել է տպավորություն, որ երեկվա օրինագծի ընդունումը պարզապես պատրվակ էր սեփական քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու ցանկությունը իրագործելու համար:
Աշոտյանը նշեց՝ եթե խնդիրն այն է, որ վարչապետն ու իր թիմը ուզում են կապիտալիզացնել իրենց 2/3-ը Ազգային ժողովում որպես մանդատներ, դա այլ հարց է. «Եթե խնդիրն այն հիմնավորման մեջ է, որ փորձում են մեզ հրամցնել, ապա այդ հիմնավորումներից ոչ մեկը քննադատության չի դիմանում։ Իմ կարծիքով՝ Փաշինյանն օր առաջ ուզում է Ազգային ժողովում ունենալ մեծամասնություն, և Աստված մի արասցե, վարկած է, արդեն մտահգություն է՝ ինչ-որ աշխարհաքաղաքական խաղերի շրջանակներում», - ասաց Ա.Աշոտյանը։