Նախագահական ընտրություններից հետո նոր կառավարության մեջ հնարավոր փոփոխությունների և նոր կազմում իրենց տեսնել-չտեսնելու մասին Tert.am-ի հարցադրմանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նույնատիպ պատասխան տվեցին:
Նախօրեին ԱԺ-ում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Մովսիսյանը Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք նա իրեն տեսնում է նոր կառավարության կազմում, նախարարը պատասխանեց, որ դա կորոշի իր կուսակցությունը: «Եթե որոշի, որ պետք է լինեմ հաջորդ կառավարության մեջ, ուրեմն կլինեմ»,-ասաց նա:
Իսկ իր կատարած աշխատանքը գնահատելու մասին նախարարն ասաց, որ ամեն դեպքում գնահատական տվողն ինքը չէ, գնահատական տվողը ժողովուրդն է և իր կուսակցությունը:
Նույն հարցի շուրջ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նույնպես ասաց, որ նոր կառավարության կազմում իրեն տեսնողն ինքը չէ: «Ես իմ ամենօրյա աշխատանքով զբաղվում եմ, ես ունեմ որոշակի պարտավորություններ, որոնք կատարում եմ և սիրով եմ կատարում, իսկ կլինեմ նոր կառավարության անդամ, թե ոչ՝ այդ որոշումը ես չեմ կայացնում»,-ասաց նա: