2011 թվականին էր, երբ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ iPad–ով «շարիկ էր գլորում»: Ամիսներ են անցել, նույնիսկ տարիներ ու այսօր էլ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Կապան քաղաքից մոտ 20կմ հեռավորության վրա սկսել է մեծամասշտաբ շինարարություն, այն էլ ինչ շինարարություն. նախարարը սկսում է Հայաստանում լայն տարածում գտած ջայլամների բիզնեսը, այսինքն' հիմնում է ջայլամանոց' նախատեսված մոտավորապես 500 ջայլամի համար: Էկզոտիկ կենդանի հայաստանյան պայմաններում. առաջին հայացքից ջայլամ և Հայաստան բառերը իրարից բավականաչափ հեռու են, սակայն երբ քննում ես հայաստանյան տնային կենդանիների աշխարհագրությունը, պարզ է դառնում, որ շնից, հավից և կովից հետո չորրորդ պատվավոր տեղը զբաղեցնում են հենց ջայլամները:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված հայերի' ջայլամների նկատմամբ ունեցած սերը: Նշենք, որ դրանով տարված չեն միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում էլ ջայլամաբուծությունը դարձել է բիզնեսի ամենաշահութաբեր տեսակներից մեկը: Ջայլամաբուծությունը չի սահմանափակվում մսի և ձվի ստացումով, կիրառություն ունի ջայլամի մարմնի ցանկացած հատված' եղունգներից մինչև կտուց: Իսկ բիզնեսի բարգավաճման ամենակարևոր գործոնը համարվում է այն, որ հանրահայտ և թանկարժեք Bently ընկերությունն իր արտադրած մեքենաների ներքին հարդարման համար օգտագործում է հենց ջայլամի կաշի:
Նշենք, որ ջայլամի ճուտը արժի մոտ 100 հազար դրամ, իսկ 1 ջայլամը' մոտ 1000 ամերիկյան դոլար: Մի խոսքով, ահա թե ինչու է այն օրեցօր տարածում գտնում Հայաստանում:
Հայկական ջայլամանոցների հիմնական հումքն արտահանվում է, իսկ ձվերն ու միսը վաճառվում են խոշոր սուպերմարկետներում:
Այդուհանդերձ, էականն այն է, որ այսպիսի խոշորամասշտաբ ծրագրերը բիզնեսի տեսանկյունից իրականացնում են այն մարդիկ, ովքեր ՀՀ բյուջեի քննարկման ժամանակ «շարիկ են գլորում»: Այս պայմաններում Տիգրան Դավթյանի այն նկատառումն ու հայտարարությունը, թե ՀՀ-ում բիզնես սկսելը բավականին հեշտ է, լիարժեքորեն արդարացվում է' ավելորդ խոսակցությունների տեղ չթողնելով: Այստեղ են ասել' գծի մեջ է ամեն ինչ գիտի, սակայն ցավն այն է, որ երկրում բիզնես սկսում են և, ամենակարևորը, այդ բիզնեսը զարգանում է միայն իշխանական թևը ներկայացնող անհատների կողմից: