Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 27-ին «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2016 թվականի արդյունքներով, հարկային եկամուտների տեսակարար կշիռը կազմել է 92 տոկոս: «Հարկերի և տուրքերի մասով բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 80 մլրդ դրամի չափով, որը ՀՆԱ-ի 21.3 տոկոսն է կազմում` նախատեսված 20.7 տոկոսի փոխարեն», - ասաց պաշտոնյան՝ հավելելով, որ հարկային եկամուտների հիմնական մասը կազմել է ԱԱՀ ուղղութամբ դրամական մուտքը` 391 մլրդ դրամ՝ հարկային եկամուտների 36.2 տոկոսը:
«Հաջորդն իր մեծությամբ՝ եկամտային հարկի բյուջեն է, որը 332.7 մլդ դրամի մուտք է արձանագրվել՝ 30.8 տոկոս: Իր նշանակալիությամբ հաջորդը շահութահարկն է, որի մուտքը 127.2 մլրդ դրամ է կազմել, կամ 11.8 տոկոս», -ասաց նա:
ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին՝ երբ արտաքին դրամաշնորհների տոկոսները ցածր են եղել, արդյոք չի՞ տրամադրվել կամ բաշխվել ամբողջությամբ, Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց. «Դրամաշնորհների այն հատվածը, որը չի բաշխվել, տեղափոխվել է այլ ժամանակահատված և դրա բաշխումը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչ ծրագրերի է այն միտված լինելու»:
Ատոմ Ջանջուղազյանը նաև հավելեց, որ դրամաշնորհների թերակատարումը կազմում է 63%, որը կազմում է շուրջ 11 միլիարդ դրամ: