Անցած շաբաթ Ազգային ժողովում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումներն առիթ դարձան, որ քաղաքական դաշտն ու մամուլը նորից քննարկման առարկա դարձնի Հայաստանի պետական պարտքը: Ակնհայտ է, որ մեր պետական պարտքն արագ տեմպերով ավելանում է:
Ամեն ինչ գնում է նրան, որ կառավարությունը ստիպված է առաջիկայում` եթե ոչ աշնանը, ապա 2018թ. անպայման, ՀՀ պետական պարտքի մասին օրենքում նոր փոփոխություններ կատարելու մասին նախագիծ ներկայացնել խորհրդարան և այս անգամ էլ առաջարկել պարտքի շեմը բարձրացնել ՀՆԱ-ի, ասենք, 70 տոկոսը: Չէ՞ որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարում է, թե Հայաստանի համար ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոս պարտքը ցածր շեմ է, և մենք անգամ միջին շեմին չենք հասել: Հեռու չէ այն օրը, երբ կհասնենք: Կառավարությունն, ըստ ամենայնի, չի պատրաստվում հրաժարվել պարտքով ապրելու քաղաքականությունից, ինչը բնորոշ էր նաև նախորդ կաբինետներից և որը գուժում է գալիք դեֆոլտի մասին: Հավանաբար, հենց դա է ահազանգում նաև Կ. Կարապետյանի այն հայտարարությունը, թե պետական պարտքը կայուն միջավայր պետք է վերադարձվի: Նա կարծես թե անուղղակիորեն հենց դեֆոլտի մասին էլ ակնարկում է: Եվ նրա խոսքով՝ այդ կայուն միջավայրի համար պետք է հարկաբյուջետային կոնսոլիդացիա իրականացվի: Իսկ սա ենթադրում է առանց այդ էլ բյուջետային սուղ ծախսերն էլ ավելի կրճատել, ինչն այս վերջին մեկ-երկու տարիներին այնքան է կրճատվել, որ էլ կրճատվելու տեղ չունի:
Կարեն Կարապետյանի տնտեսական թիմը, չնայած բոլոր ջանքերին, չկարողացավ սայլը տեղից շարժել: Պետական ահագնացող պարտքի տակից դուրս գալու համար իշխանությունները պետք է տնտեսությունը զարգացնեն: Սակայն չեն անում դա, որովհետև տնտեսության ազատականացման, զարգացման մեջ սպառնալիք են տեսնում: Հասկանալի չէ, մենք արդյոք ունե՞նք որևէ այլ գործիք տնտեսության կառավարման համար: Ինքը՝ Սերժ Սարգսյանը, ցույց է տալիս, որ կառավարության խոսքերն առ այսօր չունեն որևէ առարկայական հիմք, թերևս դա է պատճառը, որ նախագահը խոսում է 2040 թվականի ցուցանիշներից: Պետական պարտքն ավելացնելը նրա համար անձնական վտանգ չէ, բայց անձնական իշխանության խնդիր կարող է լինել չիրականացված խոստումների ծավալն ավելացնելը: Հետեւաբար, նա խոսում է 2040-ի մասին:
Ստելլա Խաչատյան