Երեկ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամ կա և աղետից խուսափելու համար պետք է բոլոր ջանքերն ուղղվեն այն հանգուցալուծելուն: Ավելին, Ֆարմանյանը հայտարարում է, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական էլիտաները չունեն այն որակները, որոնք թույլ կտային ձեռքը պահել խնդրի զարկերակի վրա եւ գտնել լուծումներ: Փաստորեն, անգամ իշխանության ներկայացուցիչները այլևս չեն կարողանում աչք փակել ստեղծված վիճակի վրա. ջայլամի քաղաքականությունը տեղին չէ, փաստերն առավել քան խոսուն են:

Հայաստանը մտել է բարդ ժողովրդագրական գործընթացների փուլ և արդեն իսկ զգացնել են տալու վերջին քսանամյակի անբարենպաստ միգրացիոն և ժողովրդագրական գործընթացները: Համաձայն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի փորձագիտական տվյալների՝ 2050թ. Հայաստանի համար գոյություն ունի բնակչության թվաքանակի լավագույն և վատագույն երկու տարբերակ: Ըստ լավագույն տարբերակի՝ Հայաստանում բնակչությունը կարող է կազմել 3 մլն 200 հազար, վատագույն տարբերակի համաձայն՝ 2 մլն մարդ: Վերջին 12 ամիսներին Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է ավելի քան 12 հազարով։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակման, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 2 միլիոն 981 հազար մարդ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 2 միլիոն 994 հազարի փոխարեն։ Արտագաղթի ալիքին զուգահեռ՝ վերջին տարիներին Հայաստանում նկատվում է նաև բնական աճի՝ ծնվածների ու մահացածների թվի տարբերության նվազում, որն այս տարվա առաջին 3 ամիսներին կազմել է ընդամենը 497 մարդ․ Հայաստանում այս տարի մինչև ապրիլի 1-ը ծնվել է 8,534 երեխա, մահացել 8,037 մարդ։ Ծնելիության հետագա նվազումը կարող է հանգեցնել նրան, որ 2025թ. Հայաստանում մահերը կարող են գերազանցել ծնունդներին, և բնական աճը կունենա բացասական ցուցանիշներ: Այս ժողովրդագրական իրավիճակն իսկապես մտահոգիչ է, և որոշակի խնդիրներ է առաջ բերելու մասնավորապես բանակի համար, քանի որ էապես կրճատվելու է զորակոչային տարիքի տղաների թիվը:

2019 թվականին 2012թ. համեմատությամբ զորակոչային տարիքի երիտասարդների թիվը կնվազի ևս 30%-ով, և դա այն դեպքում, եթե բացառենք արտագաղթը: Այս նույն հանգամանքն առաջիկա տարիներին ազդելու է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական թվակազմի վրա, քանի որ 2017թ.-ին ԲՈւՀ դիմած դիմորդների թիվը 1500-ով պակաս է 2016թ.-ից, իսկ մոտակա 2-3 տարիներին այդ թիվն էլ ավելի է նվազելու: Շրջապատված լինելով ոչ այնքան բարեկամ երկրներով, որոնց բնակչությունը, ի դեպ, բավականին մեծ տեմպերով աճում է, Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական, քաղաքական, ռազմական ոչ շահեկան իրավիճակում: Այսպես, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների՝ 2025թ. Թուրքիան կունենա մոտ 90, Ադրբեջանը` 9,7, իսկ Հայաստանի բնակչությունը՝ լավագույն դեպքում՝ 3 մլն մարդ:

Մի կողմից՝ չդադարող արտագաղթ, մյուս կողմից՝ ցածր ծնելիություն. այս ցուցանիշները համադրելով՝ Հայաստանի ժողովրդագրական վիճակը կարելի է աղետալի անվանել: Թեև բնակչության աճին վերաբերող ցուցանիշները հիմնականում բացասական են, այնուամենայնիվ, վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով երկարաժամկետ ծրագրերի և ակնկալիքների մասին, նշեց, որ «2040 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է հասնի առնվազն 4 միլիոնի»: Մենք ունենք մի խնդիր` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, որը մեզ տևական ժամանակ ուղեկցելու է: Այս պարագայում 4 մլն ազգաբնակչության ունենալը ենթադրում է մի բան, որ երկրում պետք է ամեն ինչ արվի արդար, ապահով, մրցակցային հնարավորություններ ապահովելու միջոցով: Բայց արդյո՞ք այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում…

 

Ստելլա Խաչատրյան