Ներիշխանական բուրգում ընթացող պրոցեսները, չնայած թվում էր, պետք է որ այլևս այնքան էլ բուռն բնույթ չկրեին` պայմանավորված արտաքին ճակատում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներով ու, մասնավորպես, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին դեպքերով, սակայն դատելով ամենայնից` պետք է եզրակացնել, որ իրավիճակը ոչ միայն չի հանդարտվում, այլև ժամանակի հետ միայն թեժանում է:

Մասնավորապես` խոսակցությունները` կապված սոցապնախարար Արտեմ Ասատրյանի տեղակալ Աշոտ Մարգարյանի` բավական աղմկահարույց հրաժարականի հետ, ոչ միայն չեն դադարում, այլև, դատելով մամուլում հնչող տարաբնույթ մեկնաբանություններից, է՛լ ավելի են սկսում թեժանալ. շատերը տեղի ունեցածում տեսնում են ավելի շատ յուրատեսակ դավադրություն, քան ինչ-որ տեխնիկական բնույթ կրող իրադարձություն. ասում են` Մարգարյանն, ով հայտնի է որպես վարչապետ Կարեն Կարապետյանի ազդեցության տակ գտնվող մեկը, զրկվել է փոխնախարարի աթոռից բացառապես նախագահ-վարչապետ խուլ հակամարտության պատճառով, իբր ֆեյսբուքն այս հարցում խաղացել է խիստ պայմանական դեր ու ընդամենը հանդես եկել յուրատեսակ կատալիզատորի դերում:

Դավադրության տեսության կողմնակիցները, որոնց պնդումներում իրականում որոշակի տրամաբանություն չնկատել ուղղակի անհնար է, պնդում են, որ Կարապետյանի կողմից որպես Արտեմ Ասատրյանի հաջորդ դիտարկվել է հենց պաշտոնանկ արված փոխնախարարն, ու Արտեմ Ասատրյհանն էլ, զգալով իր համար վերահաս վտանգը, հասել է Մարգարյանի պաշտոնանկությանը:

2018-ը սարերի հետևում չէ. հաշված ամիսներ են մնացել մինչև հաջորդ տարվա ապրիլը: Իսկ սա նշանակում է, որ օրեցօր է՛լ ավելի է սրվում այն հարցի կարևորությունը, թե ով է, ի վերջո, լինելու հաջորդ վարչապետը: Ներկայիս կառավարության կազմում Արտեմ Ասատրյանն այն նախարարների թվին է պատկանում, ովքեր համարվում են անձամբ Սերժ Սարգսյանի ազդեցության տակ գտնվողներ: Այդ լծակները նախագահի համար չափազանց կարևոր են, քանի որ թույլ են տալիս  նրան, ինչպես ասում են, մատը պահել պուլսին ու չկորցնել գործադիրի վրա ունեցած ազդեցությունը: Կարեն Կարապետյանն էլ, խնդիր ունենալով դաշտում կայանալու, ունեցած վերահսկողությունն ընդլայնելու, փորձում է սեփական մարդկանց քանակը շատացնել նաև այն նախարարություններում, որոնք համարվում են Սարգսյանի ազդեցության տակ գտնվողներ. Մարգարյանին փոխնախարար դարձնելու ողջ իմաստը հենց բխել է վերոհիշյալ տրամաբանությունից: Իսկ այս ամենն էլ իր հերթին նշանակում է, որ առնվազը տեսականորեն Նախագահականում չէին կարող շահագրգիռ չլինել Կարապետյանի կադրի կրճատման հարցում:

Բայց տեղի ունեցածի այսօրինակ մեկնաբանությունը շատ ավելի համոզիչ է թվում հատկապես Գալուստ Սահակյանի վերջին հայտարարության ֆոնին, ուր խոսելով ապագա վարչապետի անձի շուրջ` Սահակյանը երկաթյա վստահությամբ հայտարարել է, թե հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն նախագահ Սարգսյանն է: «Ամենամեծ քաղաքական թիմն ունի և պետության անկախության ամբողջական ճանապարհն անցել է Սերժ Սարգսյանը: Մեր ազգը պիտի ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի երկիրը: ճիշտ կլիներ, որպեսզի ՀՀ վարչապետ դառնար Սերժ Սարգսյանը: Այն, ինչի մասին ես խոսում եմ, բացարձակ ճշմարտություն է: Դեռևս չի եղել որևէ դեպք, իսկ ես քաղաքականության մեջ եմ 88-ից սկսած, հանկարծ ես ինչ-որ բան մտածեմ և դա այդպես չլինի»,- վերջակետ է դրել հարցին ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

Համաձայնե՛ք` ավելի կոնկրետ ու կտրուկ պատասխան դժվար կլիներ ակնկալել մի մարդուց, ում հետ Սարգսյանի անձնական հարաբերությունները չափազանց ջերմ են, ով վայելում է վերջինիս անվերապահ վստահությունը: Նկատենք` որքան մոտենում է 2018-ն, այնքան ՀՀԿ-ականներն ավելի ու ավելի հաստատակամորեն են սկսում խոսել Սերժ Սարգսյանի` որպես ՀՀ հաջորդ վարչապետի մասին:

Իրականում, եթե փորձենք օբյեկտիվորեն վերլուծել իրավիճակն ու գնահատել Կարապետյանի ու Սարգսյանի ունեցած շանսերն, ապա հեշտորեն կնկատենք, որ ՀՀԿ-ականներն, այնուամենայնիվ, զուտ օբյեկտիվորեն ունեն համապատասխան հիմքեր` պնդելու, որ հաջորդ վարչապետը հենց ներկայիս նախագահն է լինելու. տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական լարված մթնոլորտը, ավելի շատ պատերազմ, քան խաղաղություն հիշեցնող իրավիճակն առաջին պլան է մղում հենց Հայաստանի անվտանգության հարցը, քան ասենք  արդեն ֆանտազիա համարվող տնտեսական հնարավոր ներդրումների: Իսկ սա նշանակում է, որ առաջիկայում ամենամեծ շանսերն ունենալու է նա, ով, ինչպես ասում են, լավագույնս է տիրապետում իրավիճակին, ով, կոպիտ ասած, թեմայի մեջ է (նկատենք` առնվազն անվտանգությանը վերաբերող հարցերում այսօր Հայաստանում  Սարգսյանին փոխարինող գործնականում գոյություն չունի): Միգուցե կարող է մի փոքր բարեհունչ չհնչել, բայց առաջնագծում ստեղծված իրավիճակը բխում է հենց Նախագահի քաղաքական շահերից, որ, սակայն, հակառակ է Կարապետյանի ունեցած նպատակներին: Այնպես որ` Գալուստ Սահակյանի` օրըստորե է՛լ ավելի ինքնավստահ  դարձող հռետորաբանությունն ամենևին էլ զուրկ չէ օբյեկտիվ հիմքերից. ժամանակը Կարապետյանի օգտին չէ, որ աշխատում է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ