Այն, որ հայաստանյան տնտեսության մի շարք ոլորտներում տնտեսվարող սուբյեկտներից ոմանց համար մենաշնորհներ են սահմանված՝ ի հեճուկս Կառավարության՝ մենաշնորհից ազատվելու կոչերի, գաղտնիք չէ և հայտնի է բոլորին: Մասնավորապես, բազմիցս խոսվել է այն մասին, որ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն շաքարի ներկրման առումով մոնոպոլ դիրքում է:
Ասվածը փաստում են նաև վիճակագրական թվերն, ըստ որոնց, 2016 թվականին ամենաշատ շաքար կամ շաքարի հումք ներմուծել է «Ալեքս Գրիգը»՝ 57 հազար: Այս ընկերությունն առաջատարն է նաև 2017 թվականին՝ ներմուծած շաքարի ամենաշատ խմբաքանակով՝ 23 հազար տոննա:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ինչպես ողջ հանրության, այնպես էլ իրեն համար նորություն չէր, որ ԱԺ պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունը շաքարի հարցում մոնոպոլ դիրքում է գտնվում. «Մոնոպոլիաներ չունենալու համար Հայաստանը կարող է տարեկան արտադրել մինչև 100 հազար տոննա շաքար, շաքարեղեգ և 7-8 հազար տոննա լիմոնաթթու: Պետք է նշեմ, որ առանց լիմոնաթթվի արտադրության, շաքարի արտադրությունը չի կարող շահույթով աշխատել»,-նշեց նա՝ շեշտելով, որ շաքարի արտադրության համար Սպիտակի, Շիրակի տարածաշրջաններն ամենաարդյունավետն են:
Մեր հարցին՝ արդյոք հնարավոր չէ այս հարցը դարձնել Կառավարության թիվ մեկ օրակարգ՝ երկրում շաքարի արտադրությանը զարկ տալու և ներքին սպառումն ապահովելու համար, Հրաչ Բերբերյանը պատասխանեց. «Մենք ունենք շաքարի գործարան, որը լիմոնաթթու արտադրելու հնարավորություն չունի, դա մասնավոր ընկերության՝ դեռևս անցյալ դարի սարքավորումներով աշխատող գործարան է, և քանի դեռ այն չունի լիմոնաթթվի հոսքագիծ, անասնակերի արտադրություն, չի կարող շահույթով աշխատել, և դրա համար էլ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը շաքարի հումքը ներկրում է դրսից, որն, ի դեպ, ազատված է մաքսազերծման գումարից: «Ալեքս Գրիգ»-ին ավելի ձեռնտու է հումքը ներմուծել: Մյուս կողմից, գյուղացուց աճեցրած շաքարեղեգն այնքան էժան գնով են ուզում մթերել, որ ոչ մի գյուղացի էլ չի ցանկանա շագարեղեգ արտադրել»:
Ստացվում է՝ դատապարտված ենք համակերպվե՞լ պատգամավորի մոնոպոլ դիրքի հետ՝ հրաժեշտ տալով նաև սեփական արտադրանքով ներքին սպառումն ապահովելու լուսավոր մտքին, Հրաչ Բերբերյանը պատասխանեց. «Դատապարված ենք այնքան ժամանակ, մինչև մի խելոք մարդ գա և 50 հազար տոննա արտադրական հզորությամբ գործարան հիմնի: Դատապարված ենք, այնքան ժամանակ, մինչև Կառավարությունը հասկանա այս երկիրն ո՞ւր է տանում: Պետք է համապատասխան արտադրության մասնագետներ, համապատասխան ժամանակակից հոսքագծեր ունենալ և միաժամանակ պայքարել մոնոպոլիայի դեմ. ի վերջո, ինչքա՞ն կարելի է բյուջեից հենց այնպես աշխատավարձ ստանալ»: