Հեղինակավոր Marca պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանը քարտեզի վրա դրեց Հայաստանը» խորագրով հոդվածում պարբերականը գրում է.
«2016/17 գերազանց մրցաշրջանը ցույց տվեց, որ Մխիթարյանի համբավը հետզհետե մեծանում է, դրա հետ մեկտեղ մեծանում է նաև հայկական ֆուտբոլի համբավը: Նա օգնեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաղթել Անգլիայի լիգայի գավաթի, Սուպերգավաթի խաղարկությունում և Եվրոպա լիգայում:
Մրցաշրջանի ընթացքում խփած 11 գոլով Մխիթարյանը Զլատան Իբրահիմովիչից հետո «կարմիր սատանաների» երկրորդ լավագույն ռմբարկուն դարձավ: 28-ամյա ֆուտբոլիստը նաև 5 փոխանցման հեղինակ է դարձել: «Սենթ-Էտիեն»-ի, «Ռոստով»-ի, «Անդերլեխտ»-ի «Այաքս»-ի դեմ խաղերում գոլեր հեղինակելով Հայաստանի հավաքականի ավագն իր երկիրը դրեց քարտեզի վրա` դառնալով իր երկրի առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է եվրագավաթի տիտղոս: Նա 18 տիտղոս է նվաճել 4 երկրներում` Հայաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում և Անգլիայում: Նա մտադիր չէ կանգ առնել այսքանով: 2017/18 մրցաշրջանը կարևոր է լինելու իր և իր թիմի համար, քանի որ «Յունյաթեդ»-ը վերադառնում է Չեմպիոնների լիգա»: