Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են եւ երեխաների առողջության վրա որեւէ բացասական հետեւանք ունենալ չեն կարող: Այս մասին հայտնում են Հայաստանի ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երկու երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունները շարունակվում են: Փորձաքննության ավարտից հետո վերջնական արդյունքները կտրամադրվեն իրավապահ մարմիններին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիր մարզի Առատաշեն գյուղում մահացած նորածին Մերի եւ Մարիամ Վարդանյանները մինչեւ մահանալը շատ առողջ են եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել երեխաների մոր հայրական տանը, երբ վերջինս երեխաների հետ «դարձ» է գնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Առատաշեն համայնքի ղեկավար' Վահրամ Հարությունյանը: Գյուղապետը պատմել էր, որ նորածինների ծնողները 4 տարի է, ինչ ամուսնացած են եւ ունեին երեք աղջիկ: Մեծ աղջիկը արդեն 3 տարեկան է: Ընտանիքը սոցիալապես անապահով է եւ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնել էին, թե «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը' ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ' առավելագույնը 5 տարի ժամկետով:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։ Նախնական տեղեկություններով' չոր կաթը եղել է «Նեստոժեն» ֆիրմայի արտադրանք: Նրանց մահվան փաստով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով էլ նորածինների մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: