ԵԿՄ վարչության նախագահ, արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սարգսյանին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
Մեծարգո՛ պարոն նախագահ.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Դեռ 1989-94 թվականների Արցախյան պատերազմի օրերից Դուք ապացուցել եք, որ նվիրված եք Արցախի ժողովրդին, որ հայրենասեր ու պետականամետ գործիչ եք:
Հրադադարի կնքումից հետո էլ մասնակցել եք պետականաշինությանը, ազգին, հայրենիքին, Արցախին եւ արցախցուն ծառայություններ եք մատուցել տարբեր կարեւորագույն պաշտոններում: Արդեն շուրջ տասը տարի նաեւ հայկական Արցախ պետության ղեկավարն եք: Ձեր հայրենասիրությունն ու կազմակերպական ներուժը հերթական անգամ դրսեւորվեցին նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին:
Հարգարժա՛ն Բակո Սահակի, փոխանցեք իմ եւ եռասերունդ երկրապահական ընտանիքի շնորհավորանքներն Արցախի ժողովրդին եւ իշխանությանը: Արդեն որերորդ անգամ Արցախ պետությունում կազմակերպվեցին ժողովրդավարական ընտրություններ:
Արցախցին արդեն երկար տարիներ կարողանում է ապացուցել, որ ինքն օրինակելի պետություն է կառուցել, որ Արցախում գործում են բոլոր պետական հաստատությունները, բոլոր ժողովրդավարական նորմերը: Մեկ անգամ եւս հիմնավորապես ներկայացվեց աշխարհին, որ Արցախն առավել կայացած պետություն է, որ Արցախում առավել պաշտպանված են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, քան իրեն բռնակցել ձգտող Ադրբեջանում:
Արցախն անառարկելիորեն հիմնավորել է, որ չի կարող բռնակալական Ադրբեջանի կազմում լինել: Կատարվածն ամբողջ Արցախի, ողջ քաղաքական համակարգի, բոլոր կուսակցությունների եւ առաջին հերթին՝ Արցախի ժողովրդի հաղթանակն է:
Պարո՛ն Սահակյան, հավաստիացնում եմ, որ եռասերունդ Երկրապահը, ինչպես 1989-94-ի պատերազմի օրերին, ինչպես 2016-ի ապրիլյանի օրերին, ինչպես այսօր, այնպես էլ առհավետ կանգնած է լինելու արցախցու եւ Արցախ պետության կողքին:
Աստված պահապան Ձեզ, Արցախի ժողովրդին, հայ ազգին, ամենքիս: