Թուրքիայի անվտանգության մարմինները Համբուրգում տեղի ունեցած G-20 գագաթնաժողովից առաջ Գերմանիայի ոստիկանության դաշնային վարչություն են ուղարկել գրություն, որում տեղեկացրել էին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա հնարավոր հարձակման մասին: Այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը:

 


Լրատվամիջոցի տվյալներով՝ գագաթնաժողովից առաջ գերմանական ոստիկանությունը ստացել է նամակ, որում նշվել է, թե «գերմանացի ոստիկանի համազգեստով մարդիկ կարող են հարձակում իրականացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա»: Բացի այդ, նախազգուշացման մեջ եղել է պոտենցիալ հարձակվողի անունը: Die Welt-ի տվյալներով՝ խոսքը եղել է նախկին թուրք ոստիկանի մասին:

 


Ի պատասխան պարբերականի ուղարկած հարցման՝ գերմանական ոստիկանությունը հաստատել է նման ծանուցում ստանալու փաստը՝ նշելով, սակայն, որ իրենք բացառել են նմանօրինակ հարձակման հնարավորությունը:
G-20 գագաթնաժողովը տեղի է ունեցել Համբուրգում՝ հուլիսի 7-8-ը: Գագաթնաժողովն ուղղեկցվել է անկարգությունների մեծ ալիքով: Երկու օրերի ընթացքում ոստիկանությունը ակտիվիստներին ցրելու համար օգտագործել է ջրցաններ և արցունքաբեր գազ: