Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում են տեղատարափ անձրևներ՝ կարկուտի և փոթորկալի քամու ուղեկցությամբ, առանձին վայրերում հնարավոր են հեղեղումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հաղորդել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության մոնիթորինգի և կանխատեսումների կենտրոնը (ՇՄԱԳ):
«Հունիսի 24-ի օրվա վերջին և մինչև հունիսի 27-ը ներառյալ Վրաստանի ամբողջ տարածքում սպասվում է անձրևային եղանակ, առանձին շրջաններում ուժեղ անձրև՝ ամպրոպով, տեղ-տեղ կարկուտ, ինչպես նաև փոթորկալի քամու ուժգնացում վայրկյանում մինչև 22 մետր: Առատ տեղումները մի քանի գետերում և նրանց վտակներում կարող են առաջացնել վարարումներ և սելավահոսքեր»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Հունիսի լույս 14-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով զոհվել է 19 մարդ, երեք հոգի անհետ կորած են համարվում:
Տասնյակ ընտանիքներ մնացել են առանց օթևանի, հեղեղվել են բնակելի տներ, վնասվել են ճանապարհները և քաղաքային այլ ենթակառուցվածք:
Տարերքի հարվածից ամենից շատ տուժել է կենդանաբանական այգին, որտեղ սատկել է կենդանիների կեսը: Կենդանաբանական այգու բնակիչների մի մասը փախել է, նրանցից մի քանիսին փնտրում են մինչ օրս:
Նախնական տվյալների համաձայն՝ ջրհեղեղի հասցրած վնասը կազմում է ավելի քան 100 մլն լարի (45 մլն դոլար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: