2016 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Հայաստանում էր: Եվ այս այցի արդյունքում էր, որ ստորագրվեցին բազմաթիվ փաստաթղթեր: Նույն հանդիպման համատեքստում նախագահները կարևորությամբ ընդգծել էին երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, զբոսաշրջության և  այլ ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Հենց այս հարցերի համալիր լուծմանն էր ուղղված երեկ ԻԻՀ խորհրդարանի լիագումար նիստում Իրանի և Հայաստանի քաղաքացիների համար Նորդուզ-Մեղրիի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագծի ընդունումը: Ինչպես հաղորդում է Mehr News գործակալությունը, Իրանի խորհրդարանի նիստին ներկայացված օրինագծին կողմ է քվեարկել 145, դեմ՝ 3 և ձեռնպահ՝ 3 պատգամավոր։

Մեղրի-Նորդուզ անցակետն Իրանի համար կարևոր է ոչ միայն առևտրաշրջանառությունն ապահովելու, այլև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից: Կողմ քվեարկողները օրինագիծն անվանել են «ռազմավարական նշանակության» փաստաթուղթ, որը մեծ նշանակություն ունի Իրանի տնտեսության զարգացման համար, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն Իրան-Հայաստան առևտրաշրջանառության աճին, այլև Հայաստանի միջոցով ԵՏՄ-ի անդամ պետությունների հետ առևտրաշրջանառության ծավալներին։

Ի՞նչ է ենթադրում այս համաձայնագիրը:  Առաջին հերթին Հայաստանի և Իրանի միջև ուղևորատար տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի ապահովման համար՝ Հայաստանում կամ Իրանում գրանցված ուղևորատար տրանսպորտային միջոցների մուտքն առանց երաշխիքային ու ճանապարհային վճարների գանձման թույլատրելու նախաձեռնություն: Տնտեսական կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու և փոխադարձ առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների` մաքսային հարցերում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պաշտոնական կայքերում հասանելի է դառնալու մաքսային օրենսդրության պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը:

Այս համաձայնագրի վավերացումը անչափ կարևոր է նաև Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջությանը թափ հաղորդելու տեսանկյունից: Զբոսաշրջային այցերը խթանելու նպատակով ԻԻՀ և ՀՀ քաղաքացիները իրազեկվելու են սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների և դրամական միջոցների համար հարևան երկրում գործող մաքսային ընթացակարգերի մասին՝ Մեղրիի և Նորդուզի մաքսային կետերի ելքի սրահներում տեղադրված տեղեկատվական ցուցանակների օգնությամբ: Երկու երկրների միջև մուտքի արտոնագրի վերացումը կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը, ապրանքաշրջանառության ավելացմանը, ինչպես նաև պարզ և արագ կդարձնի տարանցումը: Իսկ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, կարող է նաև Իրանի համար դարպաս հանդիսանալ՝ մուտք գործելու միության շուկա:

Նաև հենց այս համաձայնագրի վավերացման շնորհիվ այս տարի Հայաստանը զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք է սպասում Իրանից։ Թեպետ նախորդ տարի նույնպես ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել՝ տարվա կտրվածքով։ Այսպես՝ 2016 թվականին ՀՀ այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածության կառուցվածքում իրանցիների կշիռը կազմել է 17%, և այդ առումով զիջում է միայն Ռուսաստանին (21.7%): Համեմատության համար նշենք, որ 2015-ին այդ ցուցանիշը 10% էր։ Այսինքն, Իրանն այսօր զբոսաշրջության առումով Հայաստանի թիվ 2 գործընկերն է, շրջանցել է ԱՄՆ-ին և հաստատուն քայլերով գնում է առաջ՝ շրջանցելու Ռուսաստանին։

 

Ստելլա Խաչատրյան