Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով քննիչ Մուրադյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ հուլիսի 30-ին Վանաձոր քաղաքի բնակիչ 46-ամյա Վահրամ Ալթունյանի կողմից AKM տիպի ինքնաձիգից արձակցված կրակոցների արդյունքում նյութական վնաս է կրել Վանաձոր քաղաքի մի բնակչուհի:

shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Լուռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ կրակոցների հետևանքով վնասվել է Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի 1-ին շենքի բնակիչ 61-ամյա Բելլա Ադամյանի բնակարանի ննջասենյակի ապակին և սենյակում տեղադրված Sanyo տեսակի հեռուստացույցը: 

Վ. Ալթունյանը, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ, քթի շրջանում վնասվածք է ստացել, ինչի առիթով էլ քննչական մարմնում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Սայաթ-Նովա զբոսայգու մոտ, մինչև իր կողմից կրակոցներ արձակելը, իրեն անհայտ անձի կողմից հարվածելու հետևանքով, և մինչ այդ վիճաբանություն է տեղի ունեցել իրար միջև:

Ոստիկանությանն ու քննչական մարմնին «Սամբիստ Վարհրամը» հայտնել է նաև, թե ում միջոցով է տարիներ առաջ հանցագործության գործիք հանդիսացող ավտոմատը ձեռք բերել:

Չի բացառվում, որ վաղը՝ օգոստոսի 1-ին ՀԿԳ քննիչ Մուրադյանը միջնորդությամբ դիմի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի «Սամբիստ Վահրամի» նկատմամբ: