ՀՀ Լոռու մարզի Արևածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ ջրամբարում օգոստոսի 16-18-ը, ժամը 08:00-20:00-ի ընթացքում մաքրման աշխատանքներ կատարելու նպատակով պատվարը պետք է բացվի, որի հետևանքով մեծ քանակությամբ ջուր բաց կթողնվի Դեբեդ գետ՝ հանգեցնելով գետում ջրի մակարդակի մինչև 2 մետր բարձրացման:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, անվտանգության կանոններից ելնելով՝ ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է նշված օրերին զերծ մնալ ՀՀ Լոռու մարզի Արևածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ ջրամբարից դեպի Վրաստան հատվածում Դեբեդ գետում լողանալուց կամ գետը հունով անցնելուց, ինչպես նաև գետի ափամերձ տարածքներում գտնվելուց (ձկնորսությամբ, հողագործությամբ կամ այլ աշխատանքով զբաղվելուց, զբոսնելուց կամ հանգստանալուց):