Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչները փակել են Երեւան-Իջեւան ավտոճանապարհը․ Նրանք պահանջում են թույլատրել օգտվել մոտակա անտառներից, քանի որ փայտի գործը միակ ապրուստի միջոցն է: Հաղարծինցիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք չեն բացելու ճանապարհը մինչեւ իրենց խնդրին լուծում չտրվի եւ վարչապետը չհանդիպի իրենց հետ․ «Մարդիկ չեն կարում ապրեն, թույլ չեն տալիս ոչ մի ձեւի անտառից մի հատ փայտ դուրս գա։ Ուզում ենք թույլ տան, որ մարդիկ աշխատեն։

 

Մարդիկ ծնված օրից էդ գործով են զբաղվել, էս տարվանից թույլ չեն տալիս, ուրիշ աշխատանք չունենք, թող աշխատանք տան, ձեռ չտանք էդ անտառին։ Ստեղ ոչ միայն Հաղարծին գյուղի բնակիչներն են, բոլոր տեղերից էլ կան, ողջ Տավուշի մարզը ստեղ ա»։ Մեր զրուցակիցը նշեց, որ Դիլիջանի քաղաքապետն այս պահին գտնվում է իրենց մոտ, նաեւ մարզի դատախազը։

 

Քաղաքապետը խոստացել է, որ հարցը կլուծվի, սակայն գյուղացիները չեն հավատում․ «Էնքան խոստում են տվել, նոր արտագաղթի ալիք ա բարձրանալու։ Գոշ գյուղում 4 ջահել ա մնացել, Հաղարծինում էլ՝ 10։ Ասել ա քաղաքապետը՝ լավ կլինի, բայց չենք հավատում»։ Տավուշցիները չեն պատրաստվում ճանապարհը բացել մինչեւ իրենց պահանջները չկատարվի։ Մեր զրուցակիցը նաեւ փոխանցեց, որ 1000-ից ավելի մարդ է հավաքված ավտոճանապարհին։

Նյութի աղբյուրը  hraparak.am