Անկախ փորձագետ Սերգեյ Շաքարյանցը նշում է, որ այս ժամանակահատվածում ողջ տարածաշրջանում կատարված խոշորագույն միջոցառումը Իրանի նախագահ հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունն էր, որին ՀՀ նախագահը մասնակցեց, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը բացակայում էր: Ստեղծվել է մի իրավիճակ, որ Ալիևը տրվել է քամուն, բայց նրան գերտերությունները բաց չեն թողնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետը:
Կարևորելով Սերժ Սարգսյանի թեհրանյան այցը, վերջինս առանձնացրեց մի քանի դրույթներ, որոնք շատ կարևոր են երկու երկրների համար: «Բանակցությունների ընթացքում խոսվել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցության մասին, ինչը շատ կարևոր քայլ է: Տարածաշրջանային անվտանգության և Արցախի հարցի քննարկումը նույնպես մեզ համար շատ կարևոր է: Իսկ Իրանի հայտարարություններն առաջին հերթին ուղղված են ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային: Ռոհանին շեշտել է, որ ոչ մի այլ պետության զինյալ կամ ռազմական ներկայություն Արցախի հարցում գործ չի ունենալու, որովհետև Իրանի համար Հայաստանն ավելի կարևոր է, քան Ադրբեջանը»:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ քանի որ իրանական սահմանները մշտապես հատում են ահաբեկչական խմբավորումները՝ չկա՞ վտանգ, որ Իրանի հետ մերձեցմամբ հայկական սահմանները կդառնան խոցելի հենց նույն ահաբեկիչների համար, Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց. «Մեր սահմանները պարսկական կողմից վտանգված չեն, ընդհակառակը՝ վտանգված են հակամարտության գոտի համարվող Նախիջևանի կողմից: Այստեղ նաև կարևոր է այն, որ Իրանը հայտարարել է, որ երեք անգամ Նախիջևանի տարածքից ահաբեկչական խմբեր են մտել իրենց երկիր, Ադրբեջանական կողմը Նախիջևանի տարածքն այդ նպատակով է նաև օգտագործում, ուստի՝ Իրանը շուտով զորք կմտցնի Նախիջևան»:
Փորձագետը կարևորեց Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի բացումն, ինչը տնտեսական քաղաքականության շատ կարևոր բաղադրիչ է լինելու մեր պետության և Իրանի մեջև, և կենտրոնը լինելու է Հայաստանը. «Այս մասին ասվում է իրանական պաշտոնական լրատվականներում: Իրանական Fars գործակալությունը գրել է այդ մասին, իսկ սա այն գործակալությունն է, որը հաղորդում է այն, ինչ պլանավորում են իրականացնել պետական մակարդակով»: