Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն հայտնել է Թեհրանի աջակցությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության, գրում է IRNA-ն:
Մոջթաբա Դեմիրչիլուն երկուշաբթի երեկոյան Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպման ժամանակ նաև ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:
Երկու դիվանագետները, մտքեր փոխանակելով Կովկասում ընթացող զարգացումների շուրջ, նշել են ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգումը, որոնք, նրանց կարծիքով, կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են։
Դեմիրչիլուն և Դեդովը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների կարողությունների օգտագործման անհրաժեշտությունը՝ խնդիրները լուծելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման և տնտեսական ծրագրերի իրականացման համար՝ նկատի ունենալով բոլոր կողմերի շահերը։
Խոսվել է նաև 3+3 խորհրդատվական ձևաչափի առաջիկա հանդիպման մասին, որը ներառում է հարավկովկասյան երեք երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, գումարած Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Ձևաչափը վերաբերում է տարածաշրջանում անվտանգությանը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին։