«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Թանաֆ շրջանում գերեվարած իրանցի զինվոր Մուհսին Հոջեջիին մահապատժի են ենթարկել:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Dogan haber» գործակալության՝ ԻՊ-ի կողմից համացանցում պարսկերեն լեզվով տեսանյութ է հրապարակվել, որտեղ հնչում են ահաբեկչական գործողությունների սպառնալիքներ՝ հասցեագրված պաշտոնական Թեհրանին:
Այս ամենը արժանացել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատաներից մեկի՝ Քասիմ Սուլեյմանիի կոշտ արձագանքին: Նա երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունների պատասխանատուն է:
«Երդվում ենք մեր զոհի արյունով, որ չենք հանգստանալու, մինչև չոչնչացնենք բոլորին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Իրանի խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով սպանվել էր 12 մարդ, մոտ հինգ տասնյակը վիրավորվել էին։ Դամբարանի վրա հարձակում գործած ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն։ Հարձակումների համար պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ-ն: