«Աստանա expo-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում օգոստոսի 16-ին տեղի կունենա Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում։ Ինչպես տեղեկացրեցին զբոսաշրջության պետական կոմիտեի լրատվական ծառայությունից, օգոստոսի 12-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա:
Այնտեղ օգոստոսի 16-ին ղազախական մշակույթի գործիչների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասնակցությամբ Հայաստանի ազգային օրվա միջոցառման շրջանակներում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի բանախոսներն են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանն կլինեն Ծրագրում ներառված են մի շարք շնորհանդեսներ։ Հայաստանից մեկնած զբոսաշրջության ոլորտի մասնագետները կներկայացնեն Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։ Կներկայացվեն նաև ինչպես էքսկուրսիոն ծրագրեր, միջոցառումային զբոսաշրջություն և հանգստյան օրերը Երևանում, այնպես էլ 2017 թվականի միջոցառումների օրացույցը, մասնակիցներին կտրամադրվեն տեղեկատվական բնույթի նյութեր, ինչպես նաև «Պատրաստված է Հայաստանում» նվերներ։
Ազգային օրվա շրջանակներում կկայանա Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ֆիլմի շնորհանդես։ Նախատեսվում են երաժշտական համարներ «Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդ»-ի կողմից: