Արցախի հեռուստատեսությունն անդրադարձել է Հայաստանի Ազատության հրապարակում ծավալվող իրադարձություններին: Անդրադարձի առաքելությունը հարցազրույցի տեսքով իրականացրել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ, պաշտոնաթող գեներալ Արթուր Աղաբեկյանը, ով տարիներ առաջ Հայաստանում զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Աղաբեկյանը արցախցիներին զգուշացրել է եւ կոչ արել հեռու մնալ Ազատության հրապարակում կատարվող զարգացումներից, որոնք Արցախի անվտանգության հետ են խաղում: «Դա կրակ է, որով խաղում են Արցախի անվտանգության հետ», Հայաստանի հետընտրական շարժումը բնութագրել է Արթուր Աղաբեկյանը:
Փաստորեն ստացվում է, որ ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանը դատապարտում է նաեւ իր կուսակցության որոշումները: Չէ՞ որ ՀՅԴ-ն մասնակցում է Ազատության հրապարակի հետընտրական հանրահավաքներին: Ուրեմն ՀՅԴ-ն էլ կրակի հե՞տ է խաղում: Թե՞ ՀՅԴ-ն Ազատության հրապարակ է ներկայանում որպես հրշեջ՝ անհրաժեշտ պահին կրակը մարելու համար:
Արթուր Աղաբեկյանն Արցախի պատերազմի ականավոր հրամանատարներից է, որ հաղթանակի գործում ունի զգալի ներդրում: Հիմա էլ Աղաբեկյանը փոխվարչապետի պաշտոնում է փորձում ծառայել Արցախին: Նա հայտարարում է, որ Ազատության հրապարակում հավաքվածները Արցախի անվտանգության հետ են խաղում, եւ նրանք, ում իրական նպատակները հենց այդ սպառնալիքներն են, հրապարակում են, բայց դեռ չեն բարձրացել հարթակ, այլ սպասում են իրենց ժամին:
Շատ հնարավոր է, որ Արթուր Աղաբեկյանը ճիշտ է, եւ այդ դեպքում միգուցե չարժե՞ սպասել, այլ տալ անուններ, մեկ առ մեկ, թե ովքեր են, որ Արցախի անվտանգությանը սպառնալու նպատակով են հրապարակում եւ սպասում են իրենց ժամին: Պետք է տալ այդ անունները եւ պահանջել, որ անվտանգության պատասխանատուները բացահայտեն այդ մարդկանց դավադրությունն Արցախի ու Հայաստանի դեմ: Չէ որ երբ գա այդ մարդկանց ժամը, կարող է ուշ լինել, եւ նրանք հասնեն իրենց նպատակին: Դա կլիներ դավադրությունը կանխելու ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհը:
«Դավադրապաշտությունը» Հայաստանի իշխող մեծամասնությունների առաջին ու վերջին հանգրվանն է: Այն զենք է, որը կարծես թե ստեղծված է հատկապես այն հասարակությունների համար, որոնք կանգնած են պատերազմի ու խաղաղության սահմանին, որոնց սահմանը հսկող զինվորների խրամատները ընդամենը մի քանի տասնյակ մետր են հեռու թշնամու խրամատներից:
Այդ պայմաններում, «դավադրապաշտությունը» կարծես թե կրակում է անվրեպ, ապավինելով ոչ թե հանրային գիտակցությանը, այլ բնազդին: Գիտակցությանն ապավինելու դեպքում, կներկայացվեն դավադրության փաստեր, ապացույցներ: Օրինակ, ո՞վ է դավադրություն հյուսում Արցախի դեմ, ու՞մ պատվերով է գործում Ազատության հրապարակը, եթե բոլորը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Եվրամիություն, Մեծ Բրիտանիա, Իրան, Թուրքիա, ամենաբարձր մակարդակով շնորհավորել են Սերժ Սարգսյանին, եւ այդ շնորհավորանքները Սերժ Սարգսյանը ներկայացնում է որպես լավագույն ընտրության ապացույց, որպես իր համաշխարհային լեգիտիմության վկայություն:
Ուրեմն էլ ո՞վ է Արցախի դեմ որեւէ բան պատվիրել Ազատության հրապարակում: Ո՞ւմ շնորհավորանքն է կեղծ: Ինչու՞ «դավադրապաշտության» տեսաբանները երբեք չեն կոնկրետանում, առարկայանում, թե ով է պատվիրել, երբ, որտեղ, ինչպես:
Այդ ամենի բացակայության պարագայում, «դավադրապաշտությունը» դառնում է պետության դեմ կատարվող ամենամեծ եւ իրական դավադրությունը, որովհետեւ հանդիսանում է բնազդների շահագործման քաղաքականության զրահը: Պետական կառավարումը, անկախությունից քիչ անց, սկսեց հիմնվել մարդկային բնազդների շահագործման եւ խրախուսման վրա: Մարդու մեջ սկսեցին խթանվել կենդանական հատկանիշները՝ ագահությունը, ամեն գնով տարածքային, ֆիզիկական եւ նյութական առավելության հասնելու անհագ մղումը, թույլին համենայն դեպս հոշոտելու ագրեսիան եւ ուժեղի առաջ համենայն դեպս ծալապատկվելու օպերատիվությունը:
Պետության եւ հասարակության դեմ այդ դավադրությունն էլ փաթեթավորվում է «դավադրապաշտության» տեսությամբ՝ այն, ինչ բնազդի մեջ է՝ դա հայրենասիրություն է, իսկ ինչ դուրս է բնազդից եւ հարցեր է տալիս ու պատասխաններ ակնկալում՝ «դավադրություն» է, արտաքին թելադրանք ու պատվեր: