ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ ՊԵԿ–ը չի դադարելու իր աշխատակիցներին պարգևատրումներ վճարել։ Դրանք ամեն ամիս էլ տրվելու են։ Հիշեցնենք` ՊԵԿ-ում 2018թ.-ի տարեվերջին վճարված պարգևատրումների թեման մեծ աղմուկ էր հանել, հատկապես, որ մամուլի հրապարակումների համաձայն, դրանք որոշ դեպքերում մի քանի միլիոնների են հասել։
 
Ուշագրավը, սակայն, այլ է:
 
«2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1,836 միլիարդ դրամ: Վերոնշյալ պարգևատրման ֆոնդը բավարար չէ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։ Ըստ հիմնավորումների՝ ՊԵԿ-ը սրանով նպատակ ունի համակարգում իսպառ վերացնել կոռուպցիան, իսկ այդ նպատակի կարևոր գործիքներից է համարվում աշխատակիցների նյութական խրախուսումը։
 
Այն, որ նյութական խրախուսումով դեռևս պետական կառավարման համակարգում հարց չի լուծվել՝ փաստ է: Հասկանալի է, որ ՊԵԿ անկուշտ պաշտոնյաները փորձելու են օգուտներ քաղել թե՛ պարգևատրումներից, թե՛ «ձեռի հետ կպած» փողից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ այս կամ այն խնդրի լուծման համար բյուջեում փող չկա: Այսինքն, գյուղացիներին սուբսիդավորելու համար փող չկա, սակայն ՊԵԿ առանց այդ էլ կուշտ պաշտոնյաներին կշտացնելու համար՝ որքան ուզեք: Փաստորեն, նոր իշխանությունները բացարձակապես դասեր չեն քաղել իրենց գործած սխալներից, քանի որ դասեր քաղելու պարագայում, հաշվի առնելով հանրային վրդովմունքը, ինչպես ինքը՝ Անանյանն էր ձևակերպել ասուլիսի ժամանակ, անգամ առաջին պարգևատրման գումարները հետ կվերադարձվեին պետական բյուջե: Այն, ինչ անում է հիմա կառավարությունը, միայն էլ ավելի է բորբոքելու վերոնշյալ հանրային վրդովմունքը: